.
2025թ., Ապրիլի 5

Սաղմոսներ 145․1-8                                                                                          Շաբաթ   |   Ապրիլ 5

 

 

Մեծ է Տերը և հույժ գովելի։ Սաղմ․145․3


ՀՈԳԵՎՈՐ ԴԻԼԵՄԱ


Մարդը մեր օրերում օրական միջինում մոտ հարյուր հիսուն անգամ ստուգում է իր հեռախոսը։ Սա մտորելու տեղիք է տալիս։ Ժամանակակից տեխնոլոգիաները գրավում են մեր ուշադրությունը՝ երբեմն ի շահ մեզ, բայց հաճախ՝ ի վնաս։ Տրիստան Հարրիսը, ով ժամանակին աշխատել է տեխնոլոգիական ոլորտում, բարձրաձայնում է այս խնդիրը։ Նա մասնակցել էր մի վավերագրական ֆիլմի նկարահանման պրոցեսին, որտեղ հենց սոցիալական մեդիայի ստեղծողներն են արտահայտում իրենց մտահոգությունը։ Նրանք ֆիլմն անվանել են «Սոցիալական երկընտրանք»՝ ընդգծելով, որ թվային աշխարհը ոչ թե պարզապես կապ է ստեղծում, այլև մեր ուշադրությունը վերածում է ապրանքի, որը վաճառվում է գովազդատուներին։ Այն, ինչին ուղղված է մեր ուշադրությունը, հաճախ ձևավորում է մեր արժեքները և անգամ մեր նախասիրությունները։ Բայց արժե՞ արդյոք մեր ժամանակն ու միտքը հանձնել այն ամենին, ինչը պահանջում է մեր ուշադրությունը, թե պետք է գիտակցաբար ընտրել, թե ինչի վրա կենտրոնանանք։

«Դիլեմա» բառը նշանակում է իրավիճակ, երբ ստիպված ենք լինում կատարել դժվար ընտրություն։ Այսպիսի ընտրությունների առջև կանգնած ենք նաև մեր հոգևոր կյանքում։ Ամեն օր մենք պետք է որոշենք, թե ինչին կամ ում կտանք մեր ուշադրությունը։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է ընտրենք, թե ով կամ ինչը կդառնա մեր պաշտամունքի առարկան։ Սաղմոսերգու Դավիթը գիտակցված որոշում կայացրեց. «Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից» (Սաղմ․ 145․2)։ Իսկ հաջորդիվ նշում է պատճառը՝ «Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը» (հ. 3)։ 

Դավիթը հավատում էր, որ ոչինչ չի կարող համեմատվել Աստծո մեծության հետ, ուստի նա կենտրոնացրեց իր ուշադրությունը Նրան: Միայն Աստված է արժանի մեր գովեստին։


Ի՞նչը կարող է շեղել մեզ աղոթքից և Սուրբ Գրքի ընթերցումից։

Ի՞նչ միջոցներ կարող եք կիրառել, որպեսզի մեր կենտրոնացումը լինի

միայն Աստծո վրա:


Աղոթք – Տե՛ր, միայն Դու ես արժանի իմ փառաբանությանը: Դու ամենից բարձր ես, և ոչինչ չի համեմատվում Քեզ հետ: Շնորհակալ եմ Քո մեծ սիրո և հոգածության համար: Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 1-3, Ղուկաս 8․26-56