.
2025թ., Ապրիլի 6

Գործք Առաքելոց 8․26-38                                                                               Կիրակի   |   Ապրիլ 6

 

 

Փիլիպպոսը․․․հարցրեց. «Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ ես կարդում»։ Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի»։ Գործք 8․30-31


ԱՆԿԱՐԵԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱ


Էմին և իր ընկերները պատրաստվում էին մեկնել Աֆղանստան և վկայել Աստծո մասին։ Թռիչքից մեկ օր առաջ Էմին երազ տեսավ, թե ինչպես են նրանք երեքով Աստվածաշնչեր բաժանում թալիբներին։ Ավելի վստահությամբ լցվելով՝ նրանք վերցրին արաբերեն լեզվով Աստվածաշնչերը և մեկնեցին ճանապարհորդության։

Միևնույն թռիչքով ճամփորդող լրագրողներին սահմանային հսկիչները հետ վերադարձրին, իսկ Էմիի և նրա ընկերների հարցում ոչ մի խոչընդոտ չեղավ։ Նրանք նույնիսկ հնարավորություն ունեցան հանդիպելու Թալիբանի մի քանի բարձր պաշտոնյայի հետ։ Էմին, զգուշությամբ նայելով շրջապատող զինված պահակներին, նվիրեց նրանց Աստվածաշնչեր։ «Շատ տարիներ երազել եմ Աստվածաշունչ կարդալ։ Շնորհակալ եմ ձեզ»,- ասաց անդամներից մեկը։ Էմին զարմանքից քարացավ, բայց միևնույն ժամանակ գիտակցեց, որ Աստված իր միջոցով գործում է այդ մարդու կյանքում։

Նման կերպ Սուրբ Հոգին Փիլիպպոսին ուղղորդեց՝ հանդիպելու մի եթովպացու հետ։ Այդ մարդը կրոնավոր էր ու զբաղեցնում էր բարձր պաշտոն՝ լինելով Եթովպիայի Կանդակի թագուհու գանձապահը (Գործք 8․27) Փիլիպպոսը սկսեց խոսել նրա հետ և բացատրեց Եսայի մարգարեի գրքում ամփոփված մարգարեությունը (Ես․ 53․32-35): Ճանապարհին գանձապահը մկրտվեց (Գործք 8․36-38):

Աստվածաշնչում հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց, ում կյանքն անսպասելի կերպով փոխվել է: Էմիի հանդիպումը թալիբների հետ փոխեց նրա աշխարհայացքը: Նրա համար այլևս ոչ ոք Աստծո համար անհասանելի չէր: Շատ զարմանալի է, բայց Սուրբ Հոգին կարող է հասնել ամենատարբեր, մեր կարծիքով, նույնիսկ ամենաանհասանելի մարդկանց: Աստծո համար անկարելի ոչինչ չկա:


Մեր շրջապատում հաճախ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր «անհասանելի» են թվում՝ հաշվի առնելով իրենց հասարակական դիրքը կամ Ավետարանի նկատմամբ թշնամանքը: Ի՞նչ է մեզ սովորեցնում Փիլիպպոսի պատմությունը:


Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ շարունակում ես հասնել այն մարդկանց, ում ավետարանելն անկարելի է թվում։ Օգնի՛ր բացել մեր աչքերը և տեսնել Քո բարությունն ու սիրո ազդեցությունը յուրաքանչյուր մարդու կյանքում։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 4-6, Ղուկաս 9․1-17