.
2025թ., Ապրիլի 7

Երեմիա 29․10-14                                                                                     Երկուշաբթի   |   Ապրիլ 7

 

 

Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Եր․ 29․13


ՀՈՒՅՍ ՄԻ՜ՇՏ ԿԱ


«Դու արբեցող ես, և դա երբեք չի փոխվի». բժիշկները միաձայն պնդում էին, որ Սարան անցել է անդառնալի սահմանը։ Նրա միակ հնարավորությունը հիմա պարզապես ևս մեկ օր դիմանալն էր։

Սակայն քրիստոնեական վերականգնողական կենտրոնում Սարան հանդիպեց բոլորովին այլ վերաբերմունքի։ Մուտքի դռան վերևում գրված էր Երեմիա մարգարեի գրքից հետևյալ խոսքերը. «Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Եր. 29․11)։

Սարայի զայրացավ. ի՞նչ իրավունքով էին այս մարդիկ հույսով լցնում նրանց, ում համար այն արդեն մարած էր։

Սկզբի ամիսները ծանր էին ու փորձություններով լի։ Սակայն ժամանակի ընթացքում Սարան հասկացավ՝ Աստված իսկապես հույս է տալիս նույնիսկ նրանց, ովքեր հուսալքության մեջ են և փակուղու առաջ։ 

Իսրայելացիներն իրենց մեղքերի հետևանքով գերության մեջ էին հայտնվել (հ․ 4)։ Նրանք զրկվել էին հայրենիքից, ինքնությունից ու ապահովության զգացողությունից։ Մի՞թե կարող էր այդ պայմաններում հույս լինել։ Եվ այդուհանդերձ, հույսը ծնվեց. «Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք»,-խոստանում էր Աստված (հ․ 12-13)։ Իսրայելացիների ապագան լցված էր հույսով, քանի որ Տերը նրանց հետ էր։

Սարան նույնպես գիտակցեց, որ Աստված է որոշում իր ապագան, ոչ թե ալկոհոլը: Դա վերաբերում է նաև մեզ: Մենք չգիտենք, թե ինչ է սպասվում ապագայում, բայց Սարայի օրինակով կարող ենք ամեն օր անկեղծորեն «փնտրել» Տիրոջը, իսկ մնացածը վստահել Նրան՝ հույսի Աստծուն:


Ի՞նչ իրավիճակ կա մեր կյանքում, որը հուսահատության է տանում։

Ինչպե՞ս կարող ենք լիարժեք վստահությամբ հանձնել ամեն բան Աստծուն և ապավինել Նրա օգնությանը։


Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո տված հույսը երբեք չի հիասթափեցնում։

Օգնի՛ր անմնացորդ վստահել Քեզ իմ բոլոր դժվարությունների ու վշտի մեջ։ Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 7-9, Ղուկաս 9․18-36