Եփեսացիներին 4․1-6 Երեքշաբթի | Ապրիլ 8
․․․ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով։ Եփես․ 4․2
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երբ հասա խաչմերուկին, առջևիս մեքենայի հետևի ապակուն մի գրվածք կար, որ գրավեց ուշադրությունս. «Վարորդը երթևեկելու քիչ փորձ ունի։ Հանդուրժողականությամբ վերաբերվեք»: Հաշվի առնելով, թե որքան ագրեսիվ կարող ենք լինել երթևեկության մեջ, սա հրաշալի հիշեցում էր, թե ինչպես պետք է վերաբերվենք այլ վարորդներին։
Նայելով այդ գրվածքին՝ մտածեցի, որ մարդիկ նույնպես շատ հաճախ իրենց վրա կրում են բազմաթիվ պիտակներ: Եթե մենք իմանայիք, թե ինչերի միջով են անցնում մեր հարևանները, գործընկերները կամ այն մարդիկ, ում հանդիպում ենք օրվա ընթացքում, հնարավոր է՝ ավելի հանդուրժող լինեինք կամ նույնիսկ օգնեինք նրանց հաղթահարել իրենց դժվարությունները:
Այո՛, մենք բոլորս շատ զբաղված ենք և բազմաթիվ գործեր ունենք, բայց հիշենք, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը վերաբերվում մարդկանց։ Նա չէր շտապում, սրտացավ էր նրանց հանդեպ, ովքեր դժվարությունների մեջ էին, և միշտ գտնում էր ժամանակ՝ նրանց մխիթարելու, կրթելու ու սիրելու համար։
Որպես Նրա հետևորդներ՝ մենք պետք է վարվենք, «ինչպես վայել է այդ կոչմանը» (Եփես. 4․1): Պողոս Առաքյալն ասում է, որ դա ներառում է խոնարհություն, հեզություն, համբերատարություն և սեր (հ. 2), ինչպես նաև ջանք՝ «Հոգու միությունը խաղաղության կապով պահելու» համար (հ. 3):
Մենք միշտ չէ, որ գիտակցում ենք, թե ինչ դժվարություններով են ապրում մյուսները, բայց կարող ենք ցուցաբերել համբերություն բոլորի հանդեպ և լինել Քրիստոսի սիրո մարմնավորում նրանց համար, ում հանդիպում ենք մեր ճանապարհին։
Ինչպե՞ս կարող ենք ավելի համբերատար և հանդուրժող լինել մյուսների հանդեպ։ Ովքե՞ր են այն մարդիկ, ում համար կարող ենք այսօր օրհնություն լինել։
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր ինձ լինել համբերատար ու հանդուրժող բոլոր մարդկանց հանդեպ,
ում հանդիպում եմ իմ ճանապարհին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 10-12, Ղուկաս 9․37-62