Հռոմեացիներին 16․1-12 Հինգշաբթի | Ապրիլ 10
Ձեզ եմ ներկայացնում Փիբեին՝ մեր քրոջը ․․․ նա ինքն էլ հոգաց շատերին և հենց ինձ։
Հռոմ. 16․1-2
ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Քեթրին Ռայթի անունը քչերին է հայտնի, մինչդեռ նա վճռական դեր է խաղացել իր հայտնի՝ Օրվիլ և Ուիլբուր Ռայթ եղբայրների հաջողության մեջ։ Մինչ նրանք ամբողջությամբ նվիրված էին ավիացիոն փորձարկումներին, Քեթրինը հոգ էր տանում նրանց առօրյա գործերի մասին։ Նա ղեկավարում էր հեծանիվների խանութը՝ եղբայրների եկամտի հիմնական աղբյուրը: Իսկ երբ Օրվիլը վթարի ենթարկվեց, նա թողեց իր ուսուցչի աշխատանքը եղբորը խնամելու համար։ Երբ եղբայրների հայտնագործությունը դարձավ համաշխարհային սենսացիա, Քեթրինը շարունակում էր անշահախնդիր աջակցել և հոգ տանել նրանց գործերի մասին։
Այսպիսի աջակցության կարևորությունը պարզ երևում է նաև Աստվածաշնչում: Օրինակ՝ Փիբան, ում Պողոսն անվանում է շատերի և իր համար հոգացող ու օգնող անձ (Հռոմ. 16․2): Հիշենք նաև Պրիսկիղա և Ակյուղաս ամուսիններին: Նրանք իրենց տանը տեղավորում էին հավատացյալներին, ովքեր հավատացին Աստծուն Պողոսի քարոզների միջոցով, և անգամ պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել նրա համար (հ․ 4): Մեկ այլ տեղ Պողոսը Տիմոթեոսին խնդրում է բերել Մարկոսին, ում ծառայության կարիքը կար (Բ Տիմ. 4․11):
Մենք ևս կարող ենք ուրիշներին աջակցող լինել։ Աստծո ծրագրերում միշտ կարիքը կա այնպիսի նվիրյալների, ինչպիսիք էին Փիբան, Պրիսկիղան, Ակյուղասն ու Մարկոսը։ Տերը մեզ կոչ է անում սիրով ծառայել՝ բարձր գնահատելով մյուսներին և հոգ տանելով ոչ միայն մեր, այլև նրանց կարիքների մասին (Փիլ. 2․3-4)։
Ո՞ւմ կարող ենք աջակցել այսօր։ Ինչպիսի՞ քայլեր կարող ենք ձեռնարկել՝ ուրիշներին ծառայելու և նրանց կյանքում Աստծո սերը դրսևորելու համար։
Աղոթք – Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ, որպեսզի խոնարհ սրտով ծառայեմ ուրիշներին՝ Քո անվան փառքի համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 15-16, Ղուկաս 10․25-42