Դ Թագավորների 2․7-14 Ուրբաթ | Ապրիլ 11
Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու։ Դ Թագ․ 2․2
ԿՈՐՍՏԻ ՎԻՇՏ ԵՎ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ
20-րդ դարի սկզբին Տոկիոյում ապրում էր մի մարդ՝ Հիդեսաբուրո Ուենոն։ Նա դասավանդում էր կայսերական համալսարանում, իսկ դասերից հետո գնացքով վերադառնում տուն, որտեղ նրան սպասում էր իր հավատարիմ շունը՝ Հատիկոն։ Մի օր դասավանդման ընթացքում պրոֆեսոր Ուենոն հանկարծամահ եղավ։ Հատիկոն, չսպասելով իր տիրոջ վերադարձին, գնաց տուն, սակայն հաջորդ օրը, ճիշտ ժամը 15:00-ին, կրկին եկավ երկաթուղային կայարան։ Նա գիշերում էր պրոֆեսորի տան սանդուղքին և հաջորդ օրը կայարան գնում՝ համբերատար կերպով սպասելով տիրոջը մինչև ուշ գիշեր։ Այսպես շարունակվեց տաս տարի։ Հատիկոյի անմնացորդ հավատարմությունը հուզեց բազմաթիվ ճապոնացիների, և շատերը գալիս էին կայարան՝ պարզապես նրա կողքին նստելու։
Եղիսեն լիովին նվիրված էր իր ուսուցչին՝ Եղիային։ Երբ նա իմացավ, որ Տերը պատրաստվում է Եղիային վեր բարձրացնել երկինք, որոշեց մնալ նրա կողքին մինչև վերջին պահը։ Այսպիսով, նա ականատես եղավ հրեղեն կառքի տեսարանին, որը հափշտակեց Եղիային երկինք։ «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները...»,- բացականչեց նա (Դ Թագ. 2.12)։ Այնուհետև Եղիսեն վերցրեց Եղիայի վերարկուն՝ այն խորհրդանշական հանդերձը, որ բաժանել էր Հորդանանը (հ. 8), և հարցրեց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը» (հ․ 14)։ Նա հարվածեց ջրերին, ինչպես դա արեց Եղիան, և ջրերը բաժանվեցին։ Դա միաժամանակ տխուր և հրաշալի օր էր։
Կորստի ցավը դժվար է արտահայտել բառերով, բայց այն վկայում է մեր մեծ սիրո մասին։ Շնորհակալ լինենք Աստծուն այն մարդու համար, ով մեր կյանքի անբաժան մասն էր, և այն սիրո համար, որ մեզ միավորում էր։ Եղիան հափշտակվեց երկինք, բայց Եղիսեն վերցրեց նրա վերարկուն ու շարունակեց ճանապարհը։
Ո՞րն է այն իրը, որ կապված է մեր սիրելիի հետ և դարձել է հոգևոր ուժի աղբյուր՝ դժվար պահին առաջ շարժվելու համար։ Ինչպե՞ս է Հիսուսի ներկայությունն օգնել մեզ հաղթահարել մեր ցավն ու մխիթարություն գտնել։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ այն մարդկանց համար, ովքեր մեծ դեր են ունեցել իմ կյանքում։
Օգնի՛ր մխիթարությունս գտնել Քո մեջ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 17-18, Ղուկաս 11․1-28