Ղուկաս 19․37-40 Կիրակի | Ապրիլ 13
Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։ Ղուկ․ 19․40
ԼՍԵ՛ՆՔ ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԸ
Հորս հուղարկավորության արարողությունից հետո, որը տեղի ունեցավ գետի ափին, յուրաքանչյուրս վերցրինք մի փոքրիկ քար՝ որպես հիշատակ։ Նրա կյանքը լի էր և՛ հաղթանակներով, և՛ պարտություններով, բայց ամենակարևորը մեզ համար այն գիտակցումն էր, որ նա անկեղծորեն սիրում էր մեզ։ Մատներիս տակ զգալով քարի հարթ մակերեսը՝ մտովի վերապրում էի այն անգին պահերը, որ անցկացրել էինք նրա կողքին։
Ղուկասի Ավետարանում նկարագրվում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ, իսկ ժողովուրդը, արմավենու ճյուղերը ձեռքերում պահած, ցնծում էր՝ բացականչելով. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը» (Ղուկ. 19․38): Այս ամենը փարիսեցիները համարեցին հանդուգն արարք և պահանջեցին, որ Հիսուսը լռեցնի Իր աշակերտներին։ Սակայն Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու» (հ․ 40):
Քարերն իսկապես «խոսում են» տարբեր կերպերով։ Աստված նրանց գործածել է ամբողջ Աստվածաշնչի պատմության ընթացքում։ Տաս պատվիրանները գրված էին երկու քարե տախտակի վրա (Ելք 34․1)։ Հորդանանի մոտ կանգնեցված 12 քարերը հիշեցնում էին իսրայելացիներին Աստծո հավատարիմ առաջնորդության մասին (Հեսու 4․8-9)։ Քարը, որով փակել էին Հիսուսի գերեզմանը, հրաշքով գլորվեց՝ որպես Նրա Հարության վկայություն (Մատթ. 27․59-66, Ղուկ. 24․2)։ Այդ քարերն այսօր էլ շարունակում են «վկայել»՝ հիշեցնելով մեզ Տիրոջ խոսքը. «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհ. 11․25)։
Լսե՛նք քարերի ձայնը և մեր սեփական ձայնը բարձրացնենք՝ փառաբանելու Երկնային Հորը։
Ինչպե՞ս են Աստծո գործի «քարերը» հնչեցրել իրենց ձայնը մեր կյանքում։
Ի՞նչ պատգամ կարող է Տերը դրանց միջոցով փոխանցել մեր սրտին:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ նույնիսկ քարերն ես գործածում,
որպեսզի հիշեցնես քո անսահման սիրո մասին: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 22-24, Ղուկաս 12․1-31