Հռոմեացիներին 1․8-17 Երկուշաբթի | Ապրիլ 14
Ես Ավետարանը ամոթ չեմ համարում․․․։ Հռոմ․ 1․16
ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Քաղաքի կենտրոնում գտնվող մեր առաջնորդական հանդիպման վայրը խիստ հակադրվում էր այն իրականությանը, որին ականատես եղա ճանապարհին. մարդիկ զրկված էին նույնիսկ ամենահասարակ սննդից ու կացարանից։ Այս տեսարանն ինձ մղեց վերանայել մեր առաքելության էությունը՝ հասկանալով, որ մեր կոչումն է Աստծուց տրված ավետարանելու միջոցները հասցնել այնտեղ, որտեղ դրանք ամենից առավել անհրաժեշտ են։
Պողոսը, հռոմեացիներին ուղղված նամակի մեջ, քրիստոնյաներին գրում է, որ դեռևս չի եղել նրանց մոտ, բայց վաղուց է ցանկացել այցելել. «Շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ ձեզ ամրացնելու համար, այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով» (Հռոմ. 1․11-12)։ Նա ցանկանում էր կիսվել այն պարգևներով, որ Աստված տվել էր իրեն՝ վստահ լինելով, որ դա երկուստեք կօրհնի՝ և՛ իրեն, և՛ նրանց։
Աստված մեզ նույնպես տվել է տարբեր շնորհներ ու միջոցներ, որոնք կարող ենք ծառայեցնել ի փառս Նրա։ Դրանք կարող են լինել հոգևոր պարգևներ, նյութական օժանդակություն կամ պարզապես քաջալերանքի խոսքեր։ Երբ մեր սրտերը բաց ենք պահում ծառայության համար, Աստված գործում է մեր միջոցով՝ դարձնելով օրհնություն ուրիշների համար։ Մենք պետք է ամոթ չհամարենք և քաջությամբ տարածենք Ավետարանը, քանզի այն «Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար» (հ․ 16)։
Ինչպե՞ս կարող ենք կիսվել Ավետարանի ուրախությամբ՝ խոսելով Աստծո ներման մասին, և հոգալ մարդկանց նյութական կարիքները՝ միաժամանակ պատմելով նրանց Փրկչի մասին։
Աղոթք – Սիրելի՜ Հիսուս, օգնի՛ր ինձ համարձակորեն տարածել Քո փրկության Ավետարանը և լինել մեծագույն սիրուդ կենդանի վկան։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 25-26, Ղուկաս 12․32-59