Հռութ 1․6-17 Երեքշաբթի | Ապրիլ 15
․․․ ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ․․․։ Հռութ 1․16
ՃԱՆԱՊԱՐՀ ԱՍՏԾՈ ՀԵՏ
«Առաքիչ» ֆիլմում, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա, գլխավոր հերոսը՝ Գրեվիլը, կանգնում է ծանր ընտրության առաջ։ Նա լուր է ստանում, որ իր մտերիմ ընկերոջը պատրաստվում են ձերբակալել և երկար տարիներ բանտում պահել։ Գրեվիլը կարող է փրկվել, եթե անմիջապես լքի երկիրը։ Սակայն նա չի ընտրում փախուստը. ընկերասիրությունն ու հավատարմությունը հետ են պահում այդ ճանապարհից և նա կիսում է ընկերոջ ճակատագիրը՝ անցնելով նույն փորձությունների միջով։ Ի վերջո, Գրեվիլը դուրս է գալիս բանտից հոգեպես ու ֆիզիկապես տառապած, բայց անսասան ու նվիրված ընկերոջ կերպարով։
Աստվածաշնչյան հերոսուհին՝ Նոյեմին, կարիք ուներ նման ընկերոջ։ Երբ մահացան նրա ամուսինը և որդիները, նա ծանր կացության մեջ հայտնվեց և որոշեց վերադառնալ իր հայրենի երկիր։ Նա հորդորեց իր հարս Հռութին մնալ Մովաբում (Հռութ 1․8-9), սակայն Հռութը վճռականորեն պատասխանեց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ» (հ. 16)։ Նա Նոյեմիի կողքին մնաց, կիսեց նրա ցավն ու դժվարությունները՝ ապաստան գտնելով օտար երկրում։ Նրա հավատարմությունը ոչ միայն օրհնություն դարձավ իրենց երկուսի համար, այլ կարևոր տեղ գրավեց Աստծո ծրագրում. տարիներ անց Հռութի սերնդից պիտի ծնվեր Իսրայելի արքա Դավիթը, ում Աստված անվանեց «Աստծո սրտին համեմատ» մարդ։
Կիսել ուրիշների ցավը երբեմն չափազանց դժվար է։ Սակայն, եթե ապավինենք Աստծո զորությանը, Նա կօգնի մեզ սիրել և ծառայել Իր սիրով։ Նրա առաջնորդությամբ՝ մենք նույնպես կարող ենք ասել. «Ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ»։
Կա՞ մեր շրջապատում մեկը, ով այս դժվարությունների միջով է անցնում։
Ինչպե՞ս կարող ենք նրա կողքին լինել և կիսել բեռը։
Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, որ միշտ ինձ հետ ես և երբեք ինձ մենակ չես թողնում։ Գործածի՛ր ինձ ուրիշների կյանքում օրհնութուն լինելու համար Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 27-29, Ղուկաս 13․1-22