.
2025թ., Ապրիլի 16

Ժողովող 7․3-9                                                                                        Չորեքշաբթի   |   Ապրիլ 16

 

 

Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։ Ժող․ 7․9

 

ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐ

 

Ի թիվս բոլոր անիմաստ պատճառների, որոնք ժամանակի ընթացքում դարձել են պատերազմների ծագման աղբյուր, թերևս ամենազավեշտալին եղել է քաղցրավենիքների պատճառով առաջացած կոնֆլիկտը։ 1832 թվականին, երբ Ֆրանսիայի և Մեքսիկայի հարաբերությունները լարված էին, մի քանի մեքսիկացի զինվոր մտան Մեխիկոյում գտնվող ֆրանսիական հրուշակեղենի խանութ և առանց վճարելու սկսեցին համտեսել քաղցրավենիքները։ Հետագա սադրանքները միայն խորացրին իրավիճակը, սակայն հենց այս միջադեպը դարձավ այն կայծը, որ բորբոքեց 1838-1839 թվականների առաջին ֆրանս-մեքսիկական պատերազմը, որը հայտնի է «Հրուշակային պատերազմ» անվանմամբ։ Արդյունքում զոհվեց ավելի քան երեք հարյուր զինվոր։ Թերևս չկա ավելի ցավալի բան, քան այն հետևանքները, որ կարող են բերել անզգուշության մի քանի ակնթարթները։

Անզուսպ զայրույթը դարձել է բազմաթիվ հակամարտությունների, քանդված ամուսնությունների և խաթարված ընկերական հարաբերությունների պատճառ։ Եսասիրությունը, իշխանության ձգտումը, չլուծված տարաձայնությունները, վիրավորանքն ու պատասխան հակազդեցություներն անզգուշության պտուղներ են։ Մեր անհաշվենկատ խոսքերը կամ հուզական արձագանքները հաճախ հանգեցնում են բարկության բռնկման։ Սակայն Ժողովողը տալիս է իմաստուն խորհուրդ. «Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում» (Ժող. 7․9)։

Հիմարություն է արագ բարկանալը, հատկապես, երբ Աստված մեզ առաջարկում է լավագույն ելքը. «Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը» (Ժող. 7․5)։ Երբ ձգտում ենք իմաստության, մեր սրտերը լցվում են աստվածային խաղաղությամբ (Կող. 3․15)։ Փորձե՛նք ապրել՝ առաջնորդվելով երկնային իմաստությամբ և ներողամտության հոգով։

 

Եղե՞լ են դեպքեր, երբ չզսպված զայրույթը վնաս է հասցրել մեզ

կամ շրջապատի մարդկանց։

 

Աղոթք – Տե՛ր, չեմ ցանկանում, որ անզգուշությունն ու բարկությունն իշխեն ինձ վրա ու վնասեն ուրիշներին։ Օգնի՛ր ինձ հաղթահարել զայրույթս և բնակվել Քո խաղաղության մեջ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 30-31, Ղուկաս 13․23-35