.
2025թ., Ապրիլի 17

Մարկոս 6․45-51                                                                                       Հինգշաբթի   |   Ապրիլ 17

 

 

«Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ Մարկ․ 6․50

 

ՀԻՍՈՒՍԸ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է

 

Այդ օրն Էմիի համար դարձավ ամենասարսափելի մղձավանջը, բայց ոչ երազում, այլ իրականության մեջ։ «Ռեյմոնդ» փոթորիկը, շարժվելով ժամում երկու հարյուր քառասուն կիլոմետր արագությամբ, խաղալիքի պես նետում և ահռելի ալիքների մեջ խորասուզում էր 13 մետրանոց զբոսանավը, որով Էմին և փեսացուն ուղևորվում էին դեպի Սան Դիեգո։ Էմին 27 ժամ շարունակ գտնվում էր անգիտակից վիճակում։ Երբ գիտակցության եկավ, Ռիչարդն անհետ կորած էր։ Միայնության ու հուսահատության մեջ, առանց ռադիոկապի և վնասված նավով, նա 41 օր անց վերջապես հասավ Հավայան կղզիներ։

Էմիի վճռականությունն ու հաստատակամությունը հիշեցնում են ծովում «նեղության մեջ հայտնված» Քրիստոսի աշակերտներին (Մարկ. 6․48): Մինչ Նա աղոթում էր լեռան վրա (հ. 46), նրանք պայքարում էին հակառակ ուղղությամբ փչող ուժեղ քամու դեմ։ Տեսնելով նրանց դժվարին կացությունը՝ Հիսուսը «մոտեցավ նրանց քայլելով ծովի վրայով» (հ. 48), և Նրա ներկայության զորությունը խաղաղեցրեց փոթորիկը (հ. 51)։

Երբեմն մենք նույնպես ստիպված ենք լինում «թիավարել» խնդիրների անսասան հողմերի դեմ, որոնք խափանում են մեր ծրագրերը և վնաս հասցնում առողջությանը, հարաբերություններին ու անվտանգությանը։ Էմիի պես մենք էլ կարող ենք հայտնվել հուսալքության մեջ, սակայն Հիսուսը մեզ հետ է մեր պայքարներում։ Անկախ նրանից, թե ինչքան կշարունակվեն փորձությունները, եթե մեր սրտերը բաց պահենք և հնազանդվենք Աստծո Խոսքին, Նրա խաղաղությունն ու օգնությունը կցրեն վախերը և կկայունացնեն մեր հավատքը։

 

Ի՞նչ հողմերի դեմ ենք պայքարում այժմ։ 

Գոտեպնդվե՛նք այն գիտակցմամբ, որ Հիսուսը մեր կողքին է։

 

Աղոթք – Սիրելի՜ Հիսուս, շնորհակալ եմ Քո մնայուն ներկայության համար։ 

Թող Քո խաղաղությունն ու զորությունն առաջնորդեն ինձ դժվարություններիս ժամանակ։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 1-2, Ղուկաս 14․1-24