Մարկոս 6․45-51 Ուրբաթ | Ապրիլ 18
Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»: Մարկ․ 27․46
ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՄ
Դեբորան, լինելով աթեիստ, միշտ ապրում էր այնպես, ինչպես ցանկանում էր։ Բայց մի քանի տարի անց, երբ նրա սիրտն աստիճանաբար կոտրվում էր մեղավոր հարաբերությունների պատճառով, նա հասավ լիակատար հուսահատության։ Թմրանյութերի ազդեցության տակ, ինքնասպանության մասին մտածելով՝ Դեբորան պատահաբար հանդիպեց Նոր Կտակարանում գրված այն խոսքերին, որ մահից հետո նրան սպասում է Աստծո դատաստանը։ Սա մեծ վախ առաջացրեց նրա մեջ։ Ուստի, Ավագ շաբաթվա ուրբաթ օրը, նա ամոթալի քայլերով մտավ եկեղեցի, և լսեց այն խոսքերը, որոնք հավերժ փոխեցին նրա կյանքը։ Նա գիտակցեց, որ այլևս լքված ու միայնակ չէ, այլ Աստծո սիրելի դուստրն է, և սկսեց արտասվել երջանկությունից։
Դեբորան տպավորված էր Քրիստոսի խոսքերով. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մատթ. 27․46): Շատ աստվածաբաններ կարծում են, որ այս խոսքերն ու երկրի վրա իջած խավարը (հ. 45) ցույց են տալիս, որ խաչի վրա մեր մեղքերը բաժանեցին Քրիստոսին Հայր Աստծուց: Բայց հետո «տաճարի վարագույրը», որը թույլ չէր տալիս մարդկանց մուտք գործել Սրբության Սրբոց, «վերից վար երկու մասի պատռվեց» (հ. 51)՝ ցույց տալով, որ Փրկչի մահը ոչնչացրեց այն պատնեշը, որը բաժանում էր մեզ Հայր Աստծուց։ Հայրը լքեց Քրիստոսին խաչի վրա, որպեսզի մենք հավիտյան ընդունվենք որպես Նրա զավակներ։
Մեղավոր կապերը տանում են ամոթի, իսկ ամոթը սնուցում է կախվածությունը, դրան գումարվում է մենակությունը, որը մշտապես ցավ ու տառապանք է առաջացնում: Սակայն Քրիստոսի շնորհիվ մենք միավորվում ենք Աստծո հետ և ազատվում ենք ամոթից: Այժմ այլևս երբեք չենք լինի միայնակ:
Ի՞նչ զգացողություն ենք ունենում, երբ հեռանում ենք Աստծուց:
Ինչպիսի՞ մխիթարություն կարող ենք գտնել՝ գիտակցելով, որ Քրիստոսը
խաչի վրա լքվեց Աստծո կողմից, որպեսզի մենք լինենք Նրա զավակները:
Աղոթք – Հիսու՜ս, շնորհակալ եմ Քո զոհաբերության համար: Շնորհակալ եմ, որ Դո՛ւ կրեցիր իմ մեղքերի պատիժը խաչի վրա, որպեսզի ես մոտենամ Աստծուն: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 3-5, Ղուկաս 14․25-35