Եսայի 61․4-11 Շաբաթ | Ապրիլ 19
Նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ։
Ես․ 61․10
ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ՀԱԳԱԾ
Ռոուզ Թերները՝ Լոնդոնի Նորաձևության Քոլեջի հոգեբանը, ուսումնասիրում է, թե ինչպես է հագուստն ազդում մարդու մտածողության, վարքի և նույնիսկ տրամադրության վրա։ Քանի որ հագուստը մեր մարմնին ամենամոտ գտնվող տարրերից է, այն կարծես ձևավորում է «երկրորդ մաշկ»՝ նախապատրաստելով մեզ օրվա իրադարձություններին։ Օրինակ՝ գործնական հագուստը կարող է «նպաստել մոտիվացիային և կենտրոնացմանը» աշխատանքի ընթացքում, մինչդեռ վինտաժային ոճը կարող է օգնել հաղթահարել սթրեսը։
Այս հոգեբանական երևույթն օգնում է ավելի խորապես ընկալել Եսայի մարգարեի խոսքերը Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին։ Մարգարեն կանխատեսում էր հրեաների ապագա ազատագրումը Բաբելոնյան գերությունից՝ խոստանալով, որ նրանք պիտի «վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը» (Ես. 61․4): Այդ օրը Տերն իրենց կհագցնի «փրկության զգեստներ» և կծածկի «արդարության պատմուճանով» (հ. 10):
Այս մարգարեությունը մասամբ կատարվեց, երբ Աստված վերադարձրեց Իր ժողովրդին Երուսաղեմ, և իր լրումն ունեցավ Հիսուս Քրիստոսի միջոցով, երբ «Աստված, Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթ. 5․21): Արդարություն նշանակում է Աստծո հետ վերականգնված հարաբերություն, որը ձեռք ենք բերում Քրիստոսի խաչի զոհաբերության միջոցով։ Այդուհետ Աստված մեզ տեսնում է ոչ թե մեղքով ու ամոթով պատված, այլ զգեստավորված Քրիստոսի անսասան արդարությամբ՝ մի նոր հանդերձանքով, որ պարգևում է խաղաղություն և ուրախություն թե՛ այս կյանքում, թե՛ հավիտենության մեջ։
Ինչպե՞ս կարող ենք մշտապես հիշել, որ հագել ենք Աստծո արդարության հանդերձանքը։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ ինձ հագցրիր Քո խաղաղության և ուրախության հանդերձանքը: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 6-8, Ղուկաս 15․1-10