Առակներ 28․ 9-13 Երկուշաբթի | Ապրիլ 21
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Առ․ 28․13
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻՆ
Թունավոր նյութերի թաքնված աղբյուրները կարող են լուրջ վտանգ ներկայացնել։ Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն՝ հեռահաղորդակցման մի շարք ընկերություններ աշխարհի տարբեր շրջաններում գործածում են հազարավոր կիլոմետրերով կապալարեր։ Ժամանակի ընթացքում այդ թունավոր կապարը թափանցում է հողի ու ջրի մեջ՝ հասնելով այն վայրերը, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում կամ խաղում։ Գործողության վտանգն ընկալելով՝ շատ ընկերություններ սկսել են ավելի լուրջ վերաբերվել շրջակա միջավայրը կապարով աղտոտելու հնարավոր ռիսկերին։
Չխոստովանված և չմաքրված մեղքը, ինչպես թաքնված թույնը, լուռ ու կործանարար ձևով կարող է ներթափանցել մարդու կյանք՝ քայքայելով ներսից։ Երբ մեղքը թաքցնում ենք, այն չի անհետանում, այլ խորանում ու լռությամբ մթագնում է մեր հոգին։ Սակայն Աստծո առջև անկեղծ խոստովանությունն ազատության ու ապաքինման ճանապարհ է։ Ինչպես գրված է Առակների գրքում․ «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի» (Առ. 28.13)։
Աստվածաշունչը խոստանում է, որ եթե անկեղծորեն խոստովանենք մեր մեղքերը, Աստված Իր առատ սիրով և ողորմությամբ կների մեր հանցանքները. «Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից»։ (Ա Հովհ․ 1․9)։ Ուստի մեր խնդրանքն ուղղենք Տիրոջը՝ ազնվությամբ ընդունելու մեր սայթաքումներն ու անկումները, նախքան դրանք թույնի պես կթափանցեն մեր սիրտն ու կվնասեն մեզ ու շրջապատի մարդկանց։
Հաճախ խոստովանելու փոխարեն փորձում ենք թաքցնել մեր մեղքերը: Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում դա մեր ներքին խաղաղության վրա։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ազնվորեն խոստովանել մեղքերս և լիովին հրաժարվել դրանցից՝ լցվելով Քո ամեն բանից վեր խաղաղությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 12-13, Ղուկաս 16