Մատթեոս 23․23-26 Չորեքշաբթի | Ապրիլ 23
[Հիսուսն ասաց]. նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր․․․։ Մատթ․ 23․26
ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ
Նոյեմբեր ամսվա մի ցուրտ օր մեր եկեղեցին ձեռնամուխ եղավ երկու հարյուր ուսապարկ հավաքել անօթեւանների համար։ Ես դասավորում էի նվիրաբերված իրերը՝ նոր ձեռնոցներ, գլխարկներ, գուլպաներ ու տաք վերմակներ։ Մենք նաև պատրաստել էինք ապուր և հաց՝ նրանց կերակրելու ու մի քիչ տաքացնելու համար։ Այդ ամենի մեջ մի զարմանալի բան նկատեցի՝ մաքրության պարագաներ: Մենք մտածել էինք միայն նրանց կերակրելու և տաքացնելու մասին, իսկ ինչ-որ մեկը հոգացել էր նաև մաքրության պարագաների մասին։
Աստվածաշունչը խոսում է մաքրության մեկ այլ ձևի մասին, որն անցնում է արտաքին սահմաններից ու խորքից վերափոխում մարդուն։ Հիսուսն այս գաղափարին անդրադարձավ այն ժամանակ, երբ նկատեց փարիսեցիների և դպիրների կեղծավոր վարքագիծը։ Նրանք մանրակրկիտ հետևում էին ծեսերին, սակայն անտեսում էին արդարության, ողորմության ու հավատի խորքային արժեքները (Մատթ․ 23․23)։ Նա հանդիմանեց՝ ասելով. «Դուք մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի եք հափշտակությամբ ու անժուժկալությամբ։ Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի» (հ. 25-26)։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են, որ ճշմարիտ մաքրությունը սկսվում է սրտից։
Եթե մենք փորձում ենք արտաքինից կատարյալ երևալ, բայց ներքին մաքրություն չենք փնտրում Քրիստոսով, ապա մեր բարեպաշտությունը դառնում է դատարկ ու կեղծավոր։ Ավետարանական մի հին երգում ասվում է՝ «Ինչը՞ կարող է մեղքերս լվանալ. ոչինչ, միայն Հիսուսի արյունը»։ Մաքրության պարագաները մաքրում են մեզ արտաքուստ, իսկ Հիսուսը մաքրում է ներսից՝ սրբելով նույնիսկ ամենածանր մեղքերը։
Որո՞նք են մեր կյանքի այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է խոր հոգևոր մաքրում։ Հանձնվե՛նք Տիրոջը, որպեսզի Նա մաքրի ու վերափոխի մեր սիրտն ու միտքը։
Աղոթք – Սիրելի՜ Հիսուս, մաքրի՛ր ինձ ներսից և փոխիր էությունս։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 19-20, Ղուկաս 18․1-23