.
2025թ., Ապրիլի 24

Ղուկաս 23․32-34, 39-43                                                                    Հինգշաբթի   |   Ապրիլ 24

 

 

«Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։ Ղուկ․ 23․42


ՎՇՏԻՑ՝ ԳՈՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


«Անմոռուկ» ծաղկի հրաշագեղ անվան հետ կապված են բազմաթիվ առասպելներ։ Դրանցից մեկն ունի գերմանական ծագում։ Ըստ այդ պատմության՝ երբ Աստված անուններ էր տալիս Իր ստեղծած բույսերին, մի փոքրիկ ծաղիկ անհանգստանում էր, որ Արարիչը կարող է իրեն չնկատել։ Հուսահատված՝ նա բարձրաձայն բացականչում է. «Տե՛ր, ինձ չմոռանաս»։ Այդ պահից ի վեր նա ստանում է «Անմոռուկ» անունը և դառնում սիրո ու հիշողության խորհրդանիշ։

Իհարկե, սա ընդամենը գեղեցիկ առասպել է, բայց այդ պատմության խորքում թաքնված է մի իրական զգացում, որն ամեն մեկս գոնե մեկ անգամ զգացել ենք՝ մոռացված լինելու ցավը։ Մարդկային հոգու խորքում միշտ կարիք կա վստահ լինելու, որ ինչ-որ մեկը, մանավանդ Աստված, մեզ չի մոռացել։ Հիսուսի խաչելության պատմության մեջ տեսնում ենք հիշվելու այդ նույն մարդկային կարիքը։ Ղուկասը գրում է․ «Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն» (Ղուկ. 23․32)։ Երբ նրանց խաչեցին, կյանքի վերջին շնչում նրանցից մեկի հոգում հանկարծակի մի ներքին պայծառություն ծագեց։ Նա դիմեց Հիսուսին՝ ասելով․ «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս» (հ․ 23․42)։ Իսկ Հիսուսի պատասխանը հնչեց հավիտենական մխիթարության պես. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես» (հ․ 23․43)։

Հիրավի ապշեցուցիչ է՝ իր կյանքի ամենամութ ժամին խաչված հանցագործը զգաց ճշմարիտ երջանկությունը՝ հասկանալով, թե ինչ մեծ շնորհ է՝ հիշված լինել Աստծո Որդու կողմից։

Նա մեզ նույնպես հիշում է։ Տերը, Ով այնքան սիրեց մեզ, որ Իր կյանքը զոհեց, երբեք չի մոռանա մեզ։


Երբևէ եղե՞լ է, որ մեզ մոռացված զգանք։ Ինչպե՞ս է Քրիստոսն այդ ծանր զգացողությունը վերածել գովաբանության։


Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբ ինձ մոռացված զգամ, հիշեցրու՛ իմ կյանքում Քո մշտական ու սիրով լի ներկայության մասին: Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 16-18, Ղուկաս 17․20-37