Հակոբոս 1․1-12 Ուրբաթ | Ապրիլ 25
Ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Հակ․ 1․3
ՀԱՎԱՏՔԻ ՔԱՅԼԵՐ
Մի օր մենք ընկերներով ուղևորվեցինք դեպի գեղատեսիլ մի կիրճ։ Ժամանակ առ ժամանակ մենք կանգնում էինք ու խոր հիացմունքով նայում հիասքանչ ջրվեժներին ու հարյուրավոր մետր բարձրությամբ ժայռերին։ Երբեմն ստիպված էինք լինում կանգ առնել՝ շունչ հավաքելու ու հանգստանալու, ապա կրկին շարունակում էինք ճանապարհը՝ հաղթահարելով սահուն քարերն ու անվերջ թվացող աստիճանները։ Երբ արդեն մոտ էինք գագաթին, մի զբոսաշրջիկ մեզ ասաց․ «Ձեզ մնացել է ընդամենը տաս քայլ՝ հասնելու 832 մետր բարձրությանը»։ Այդ պահին մտածեցի՝ գուցե լավ էր, որ նախօրոք չէինք պատկերացնում ճանապարհի ողջ դժվարությունը, քանի որ կարող էինք վախենալ ու երբեք չտեսնել այս չքնաղ տեսարանները։
Մեր կյանքի ճանապարհին մենք նույնպես կարող ենք հանդիպել դժվարությունների։ Քրիստոսն ու Պողոս Առաքյալը նախազգուշացնում էին հավատացյալներին փորձությունների ու հալածանքների մասին (Հովհ. 16.33, Բ Տիմ. 3.12)։ Դրանք ճիշտ ընկալելու համար հարկավոր էր ունենալ հատուկ տեսանկյուն։ Հակոբոսն ասում էր․ «Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք» (Հակ. 1.2)։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր «հավատի փորձությունը համբերություն է առաջացնում» (հ․ 3), և այդ համբերության շնորհիվ մենք կարող ենք դառնալ «կատարյալ ու լիարժեք», ու ոչ մի բանի պակասություն չունենանք (հ․4)։
Եթե կանգ առնենք և ուշադիր նայենք, կտեսնենք այն գեղեցիկ բնավորությունը, որն Աստված ձևավորում է մեր՝ հավատացյալներիս մեջ։ Բացի այդ, մի օր մենք կստանանք «կյանքի պսակը, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին» (հ․ 12)։ Շարունակե՛նք մեր վերելքը։
Ի՞նչ փորձությունների ենք հանդիպում մեր կյանքի ճանապարհին։
Բնավորության ինչպիսի՞ գծեր է Աստված ցանկանում կերտել մեր մեջ։
Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, որ միշտ գիտես իմ կյանքի բոլոր իրադարձությունների մասին և Քո ծրագիրն իմ կյանքում լի է սիրով ու բարությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 21-22, Ղուկաս 18․24-43