.
2025թ., Ապրիլի 26

Հեսու 1․1-9                                                                                                  Շաբաթ   |   Ապրիլ 26

 

 

Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Հես․ 1․7


ԳՈՐԾԵԼ ԱՌԱՆՑ ՇԵՂՎԵԼՈՒ


Դպրոցական ավտոբուսի վարորդը ղեկին հանկարծակի ուշագնաց եղավ։ Մեքենայում կար վաթսուն աշակերտ։ Բարեբախտաբար, նրանցից մեկը՝ Դիլլոնը, նկատեց, թե ինչ է կատարվում, արագ վազեց դեպի վարորդի նստատեղը և զգուշությամբ սեղմեց արգելակը։ Մինչ մյուս երեխաները զբաղված էին զրույցով կամ հեռախոսներով, Դիլլոնը հետևում էր վարորդին, և զգալով մեծ վտանգը՝ արագ արձագանքեց։ Նա գիտեր, որ արգելակը պետք է սեղմել զգուշությամբ, ինչպես անում են մեծահասակները։ Նրա զգոնության շնորհիվ հնարավոր եղավ փրկել բոլորին՝ այդ թվում նաև վարորդին։

Հեսուն Մովսեսի մահից հետո դարձավ Իսրայելի առաջնորդը։ Աստված նրան ասաց․ «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց» (Հես. 1.2)։ Դրանից հետո Տերը նրան հրահանգ տվեց․ «Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ․․․» (հ․ 7)։ Տերը Հեսուին պատվիրում էր լինել կենտրոնացած և չշեղվել Իր կողմից տրված առաջնորդությունից՝ դրանց մասին «գիշեր-ցերեկ» խորհելով (հ․ 8)։

Շատ բաներ կարող են շեղել մեզ Աստծուց և այն իմաստությունից, որ ստանում ենք Սուրբ Գրքի շնորհիվ (Բ Տիմ. 3.16-17)։ Բայց եթե զգոն մնանք՝ «նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին» (Եբր. 12.2), ապա յուրաքանչյուր պահ պատրաստ կլինենք գործելու։


Ինչու՞ է կարևոր կենտրոնանալ Աստծո Խոսքի վրա։ Ինչպիսի՞ գործողություններ է ակնկալում Աստված մեզնից այսօր։


Աղոթք – Սիրելի՜ Հիսուս, օգնի՛ր ինձ հետևել Քեզ՝ առանց շեղվելու ճշմարիտ ճանապարհից։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 23-24, Ղուկաս 19․1-27