.
2025թ., Ապրիլի 28

Բ Թեսաղոնիկեցիներին 3․6-13                                                        Երկուշաբթի   |   Ապրիլ 28

 

 

Նմանվե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին։ Ա Կորնթ․ 11․1

 

ՆՄԱՆՎԵ՛Ք ԻՆՁ

 

Երբ հայրիկը կարթը գցում էր լիճը, երկու տարեկան փոքրիկ Թովմասը կրկնում էր նրա շարժումները` իր խաղալիք ձկնորսական փայտիկը ձեռքին։ Հետո, կանգնած ջրի եզրին, նա նորից փորձում էր նմանվել հայրիկին․ ցանցով ջրիմուռներ էր հանում, բերում էր «որսը», որ հայրիկը տեսներ ու գովեր, իսկ հետո նորից գցում էր այն ջրի մեջ։

Մենք հակված ենք միմյանցից սովորել տարբեր բաներ՝ թե՛ լավ ու օգտակար, և թե՛ անպետք ու անօգուտ։ Հավանաբար այդ պատճառով Նոր Կտակարանի հեղինակները հաճախ կոչ են անում հավատացյալներին նմանվել Ավետարանի հավատարիմ ծառայողներին (Բ Թես. 3.9, Եբր. 13.7, Գ Հովհ. 1.11)։

Երբ Պողոսը գրում է թեսաղոնիկեցիներին,  նա նախ հիշեցնում է այն վարքագծի մասին, որը նրանք չպետք է ընդօրինակեն այլ եղբայրներից, ովքեր անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս (Բ Թես․ 3․6,11), ապա հորդորում է նրանց հետևել իր և այլ հավատացյալ ծառայողների օրինակին և լինել աշխատասեր ու ազնիվ (հ․ 7-10)՝ ամփոփելով հետևյալ խոսքերով. «Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք» (հ․ 13)։

Պողոսը գիտեր, որ իր կյանքն արժանի է ընդօրինակման միայն այն պատճառով, որ այն ուղղված է Հիսուս Քրիստոսին (Ա Կորնթ․ 11.1)։ Միայն Քրիստոսի հավատքի մեջ ամուր մնալով կզորանանք Նրա ուժով և կկարողանանք աճել շնորհի և իմաստության մեջ։

 

Կա՞ արդյոք մեկը, ումից կարող ենք օրինակ վերցնել՝ լինելով օրինակ նաև ուրիշների համար։

 

Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ այն հավատարիմ քրիստոնյաների համար, որ ուղարկեցիր իմ կյանք՝ ինձ դեպի Քեզ առաջնորդելու համար։ Նրանց միջոցով ես հասկացա, թե ինչ է նշանակում ապրել Քո սիրո և զորության մեջ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 3-5, Ղուկաս 20.1-26