.
2025թ., Ապրիլի 29

Թվեր 13․27-34                                                                                      Երեքշաբթի   |   Ապրիլ 29

 

 

«Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։ Թվ․ 13․31


ՀՈՒՅՍ, ԹԵ՞ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ


Ամեն աշուն իմ որդու մոտ բույսերից ալերգիայի նշաններ էր սկսվում։ Մի գիշեր ախտանշաններն այնքան ուժեղացան, որ որոշեցի առավոտյան նրան տանել բժշկի։ Մեր ընտանիքը նոր էր ապաքինվել մեկ այլ հիվանդությունից, և ես այնքան հոգնած էի, որ նույնիսկ աղոթելու ցանկություն չունեի։ Բայց ամուսինս երբեք հույսը չէր կորցնում, որովհետև Աստված բազմիցս օգնել էր մեզ դժվարությունների մեջ։ Նա աղոթեց Տիրոջը առաջնորդության համար և շուտով, ճիշտ բուժման շնորհիվ, մեր որդու վիճակը սկսեց բարելավվել։

Երբ իսրայելացի լրտեսները հետ վերադարձան Քանանի երկրի հետախուզությունից հետո, Հեսուն ու Քաղեբը լի էին հույսով ու վստահությամբ (Թվ. 14.6-9), քանի որ Աստված խոստացել էր այդ երկիրն Իսրայելի ժողովրդին։ Քաղեբն ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան» (Թվ. 13.31)։ Սակայն մյուսները համոզված էին, որ դա անհնար է, որովհետև քանանացիները բարձրահասակ ու զորավոր էին, իսկ նրանց քաղաքները՝ խիստ մեծ և պարսպապատ (հ․ 29, 32-34)։

Քաղեբի համար դա իսկապես դժվար փորձություն էր, բայց նա չէր մոռացել, թե որքան հավատարիմ էր եղել Աստված նախկինում։ Արդյունքում իսրայելացիները հասան Ավետյաց երկիր, իսկ Քաղեբը ստացավ իր հատուկ բաժինը, որովհետև նա ամբողջ սրտով հավատարմորեն հետևել էր Տիրոջը (Հեսու 14.9)։

Կյանքում հաճախ հանդիպում ենք իրավիճակների, որոնք թվում են անելանելի։ Բայց եթե ճանաչում ենք Աստծուն և հիշում Նրա հավատարմությունը, միշտ կարող ենք լցվել հույսով։ Աստծո զորությունն ու շնորհը բավարար են մեզ ամուր պահելու և առաջնորդելու կյանքի բոլոր փորձությունների մեջ։


Ինչպե՞ս է Աստված արձագանքում մեր աղոթքներին, երբ մենք տխուր ենք, ճնշված կամ վախեցած։ 


Աղոթք – Տե՛ր, թող Քեզ հետ ունեցած մեր հարաբերությունը մեզ զորացնի և հույսով լցնի, որ դժվարությունների ժամանակ չընկրկենք և ուրիշներին ևս Քեզ մոտ ուղղորդենք։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 6-7, Ղուկաս 20.27-47