Հայտնություն 19․11-16 Հինգշաբթի | Մայիս 1
Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Հայտ․ 19․12
ԽՈՍԵ՛ՆՔ ԵՐԿՆՔԻ ՄԱՍԻՆ
Հովիվ Թոմը խորապես գիտակցում էր, որ սա իրենց վերջին զրույցն է լինելու։ Հիվանդասենյակում օդը հագեցած էր մահվան լռությամբ։ Քաղցկեղը ծանր հարված էր հասցրել ևս մեկ թույլ ու տառապած մարմնի։ Սակայն Սոֆիայի աչքերում լույս էր նշմարվում։ Նա շշնջաց. «Եկե՛ք երկնքի մասին խոսենք»։
Նրանց խոսակցությունը, սակայն, ավելի շատ կենտրոնացած էր ոչ թե երկնքի, այլ Հիսուս Քրիստոսի վրա։ «Այդ պահին հիվանդասենյակում ես առավել քան երբևէ զգացի Տիրոջ ներկայությունը, - պատմում է Թոմը,- երբ պատրաստվում էի հեռանալ, Սոֆին ժպտաց ու ասաց. «Կհանդիպենք այնտեղ»։ Քրիստոսով լի վստահությամբ՝ նրա հոգին ձգտում էր դեպի երկինք»։
Հավանաբար, երբ Հովհաննեսը գրում էր Հայտնության գիրքը, նա ամբողջությամբ կենտրոնացել էր Հիսուսի վրա: Առաքյալը Նրան ներկայացնում է սպիտակ ձիու վրա նստած (Հայտ․ 19․11): «Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային» (հ․ 12)։ Այս ձիավարն ընթանում էր պայքարի՝ հակասության և մահվան աշխարհում:
Հովիվ Թոմն ու Սոֆին երկնային կյանքի հանդեպ ունեցած իրենց հավատի հաստատուն հիմքերը կառուցել էին Աստծո ճանաչման վրա: Սուրբ Գրքում ներկայացված Հիսուսի կերպարը (հ․ 15) հզոր հիշեցում է այն մասին, որ մի օր Նա իր զավակներին կտանի այդ հրաշալի վայրը, որտեղ Նա կլինի՝ «Թագավորների Թագավորը և Տերերի Տեր» (հ․16), և սա հավիտենական երաշխիք է, որ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնել Նրա ճանապարհին։
Ինչպե՞ս է Հայտնության գրքում Հիսուս Քրիստոսի նկարագիրն օգնում մեզ ավելի վստահ լինել Նրա ուժի և հաղթանակի նկատմամբ:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, որքան հիանալի է խորհել Քո մեծության մասին: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ ինձ կընդունես Երկնքի արքայությանդ մեջ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 10-11, Ղուկաս 21․20-38