Փիլիպպեցիներին 1․12-18 Շաբաթ | Մայիս 3
Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին։ Փիլ․ 1․12
ԱՍՏԾՈ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
2018 թվականին հովիվ Տան Ֆլիպպինն ընկավ հեծանվից և հայտնվեց հիվանդանոցում ազդրոսկրի կոտրվածքով: Բժիշկները նշանակեցին համակարգչային տոմոգրաֆիա՝ համոզվելու այլ վնասվածքներ չկա՞ն արդյոք. արդյունքում հայտնաբերվեց գլխուղեղի չարորակ գոյացություն: Հետագա հետազոտությունները բացահայտեցին նաև այլ գոյացություններ: Այնուհետև նա երկարատև բուժման ընթացք անցավ՝ ներառյալ նաև ողնուղեղի փոխպատվաստումը: «Աստված թույլ տվեց այդ դժբախտությունը պատահի, որպեսզի ինձ մոտ հայտնաբերվեր այդ չարաբաստիկ հիվանդությունը», – վստահաբար ասում էր Ֆլիպպին։
Պողոսը փիլիպպեցիներին գրում էր, որ Աստված իսկապես կարող է օգտագործել դժբախտ պատահարները և այլ դժվարություններ Իր փառքի համար: Առաքյալը գտնվում էր տնային կալանքի տակ՝ սպասելով Ներոն կայսեր դատավճռին: Սակայն նա չէր նահանջում, ընդհակառակը՝ ուրախանում էր, քանի որ նախ կարծում էր, որ Քրիստոսի համար բանտարկությունը պատիվ է (Փիլ. 1․29): Եվ երկրորդ՝ իր դժվարություններն Աստծո տեսանկյունից դիտելով՝ Պողոսը տեսնում էր, որ ինր հետ պատահածը «նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին» (հ. 12): Նա օգտագործում էր իր կալանքը, որպեսզի Ավետարանի բարի լուրը հաղորդի պահակներին: Եվ վերջապես, քանի որ նա, լինելով կալանքի տակ, քարոզում էր Հիսուսի մասին, իր օրինակով՝ նա քաջալերում էր մյուս հավատացյալներին շատ ավելի մեծ համարձակությամբ «Աստծո Խոսքն առանց վախի խոսելու» (հ. 14):
Երբ մեր կյանքում հանդիպում ենք դժվարությունների, վստահե՛նք Աստծո իմաստությանը և հավատանք, որ նույնիսկ դժվարություններից Նա կարող է բազմաթիվ բարիքներ դուրս բերել:
Ինչպե՞ս ենք արձագանքում մեր առջև ծառացած խնդիրներին:
Ինչպե՞ս կարող ենք նայել դրանց Աստծո տեսանկյունից և տեսնել Նրա բարի գործը:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, թո՛ւյլ տուր, որ դժվարությունները ծառայեն
Քո բարի կամքի կատարմանն իմ կյանքում: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 14-15, Ղուկաս 22․21-46