Թվեր 11․4-9 Չորեքշաբթի | Մայիս 7
․․․Իսրայելի որդիներն էլ լաց եղան և ասացին։ Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները․․․։ Թվ․ 11․4-5
ԸՆՏՐՈՎԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարում մի երիտասարդ ամուսնական զույգ որոշեց ապրել այնպես, ինչպես 1940-ականներին։ Նրանց կենցաղն ու առօրյան ձևավորված էին անցյալի ոճով. կահույքը, հագուստն ու ավտոմեքենան լիովին համապատասխանում էին այդ ժամանակաշրջանին։ Զույգը հեռու էր մնում ժամանակակից տեխնոլոգիաներից, ժամանցի համար ընտրում էր սեղանի խաղեր, իսկ հանգստյան օրերին մասնակցում էր 40-ականների երաժշտությամբ ու պարերով կազմակերպված երեկույթների։ Առաջացած բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նրանք բացատրում էին, որ ձգտում են դեպի «պարզ և հանգիստ» կյանք։ Սակայն նրանց ապրելակերպը, որքան էլ նման լիներ անցյալին, չէր կարող վերարտադրել 1940-ականների իրականությունը՝ տարիներ, որոնց վրա իր մռայլ ստվերն էր գցել Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Իսրայելի որդիները հաճախ ընկնում էին հիշողության մի խաբուսիկ ծուղակի մեջ։ Երբ երկնքից իջնող մանանան այլևս չէր գոհացնում նրանց, նրանք հառաչանքով հիշում էին Եգիպտոսում կերած միսն ու ձուկը, առավել մանրամասն՝ բանջարեղենը. «վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները» (Թվ. 11․5–9)։ Զարմանալի է, թե ինչպես էին նրանք մոռացել ստրկության անպատմելի ծանրությունը։ Երբ Աստված նրանց կանգնեցրեց Ավետյաց երկրի շեմին, երախտապարտ լինելու փոխարեն, նրանք մտածում էին ետ դարձի մասին՝ ցանկանալով վերադառնալ այնտեղ, ուր ցավն ու ստրկությունն էր թագավորում (Թվ. 14․4)։
Դժվարությունների ժամանակ հաճախ հայտնվում ենք անցյալի հիշողություններում, որտեղ ամեն ինչ թվում է ավելի լավ, քան ներկայում: Մենք, ինչպես Իսրայելացիները, հաճախ չենք տեսնում ողջ պատկերը՝ մոռանալով այն ամենը, ինչից տառապում էինք: Աստված ոչ միայն դուրս բերեց իսրայելացիներին ստրկությունից, այլև անապատում շարունակեց պահել նրանց՝ կրակով և ամպով առաջնորդելով, երկնքից մանանա իջեցնելով, և, որ ամենակարևորն է, խոստանալով կաթ ու մեղր բխող երկիր։ Հիմա, երբ կյանքը դժվարանում է, մենք պետք է փորձենք նայել ոչ թե անցյալին, այլ Աստծո առաջնորդությանը՝ վստահելով, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Նա մեզ առաջարկում է լավագույն ուղին:
Ե՞րբ ենք մենք առավել հաճախ հիշում անցյալի դրական կողմերը՝ մոռանալով դժվարությունների մասին։
Ինչպե՞ս է Աստված այսօր առաջնորդում և ապահովում մեզ:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու մեր հոգատար Հովիվն ես։ Օգնի՛ր, որ մոռանանք այն ամենը, ինչ թողել ենք անցյալում, և քայլենք Քո հետևից։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 1-3, Ղուկաս 24․1-35