Եփես. 3.14-21 Հինգշաբթի | Մայիս 8
…որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք։ Եփես. 3.17
ՔՐԻՍՏՈՍՈՒՄ ԱՐՄԱՏԱՑԱԾ
Հովիվ Էնդրյու Մյուրեյը (1828-1917) մի անգամ քարոզի ժամանակ հետաքրքիր պատմություն պատմեց իր հայրենի երկրից՝ Հարավային Աֆրիկայից։ Նրա խոսքերով՝ այնտեղ կար մի հիվանդություն, որը բացասաբար էր ազդում խաղողի արմատների վրա։ Առաջին հայացքից կարող էր թվալ, որ խաղողի որթն առողջ է, սակայն փորձառու բուսաբանները գիտեին, որ բծերը սկսում են հայտնվել արմատներում՝ նախանշելով բույսի դանդաղ մահը։ Խնդիրը լուծելու միակ միջոցը ճյուղերով կտրելն ու նոր, առողջ արմատի վրա պատվաստելն էր։
Մյուրեյն այս օրինակը կապեց Պողոսի՝ Եփեսացիներին ուղղված նամակի հետ։ Հռոմեական բանտից առաքյալը գրեց մի նամակ, որում ուշագրավ կերպով շարադրեց Հիսուս Քրիստոսի Ավետարանը։ Պողոսը նաև գրեց իր աղոթքները, որ հավատացյալները զորանան, որպեսզի Քրիստոսը հավատքով բնակվի նրանց սրտերում (Եփես. 3։16-17): Այսպիսով, «արմատացած և հաստատված» նրանք կկարողանան ըմբռնել Աստծո առատ սիրո լիությունը (հ․ 18-19):
Երբ քրիստոնյաների արմատները խորն են Աստծո սիրո հարուստ հողում, սննդարար նյութերն ամրացնում են նրանց և օգնում են աճել։ Աստված պտղաբեր է դարձնում այն հավատացյալներին, ովքեր Քրիստոսում արմատացած են։ Մենք կարող ենք դիմակայել փոթորիկներին, եթե արմատավորված լինենք կյանքի և սիրո Աղբյուրի մեջ։
Ի՞նչ է նշանակում մեզ համար պատվաստվել «ճշմարիտ որթատունկին»՝ Հիսուս Քրիստոսին։
Աղոթք – Տե՛ր, զորացրու մեզ Քո սիրո մեջ, որպեսզի առատ պտուղ բերենք փառքիդ համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 4-6, Ղուկաս 24․36-53