Հռոմեացիներին 8․28-39 Ուրբաթ | Մայիս 9
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ Հռ․ 8․28
ԱՌԱՏ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիլարի Մաքդաուելը ծնվել էր դեմքի խեղումով, լսողության կորստով, տեսողության խանգարումով և օրգանների դիսֆունկցիայով։ Նրա մոտ ախտորոշվել էր առնվազն յոթ հիվանդություն։ Բժիշկները կանխատեսում էին, որ նա երբեք չի քայլի, չի կարողանա խոսել և հազիվ թե կապրի երեք շաբաթից ավելի։ Սակայն աղջկա ծնողները նրան շրջապատեցին այնպիսի սիրով ու հոգատարությամբ, որ Հիլարին ոչ միայն գոյատևեց, այլև դարձավ Քրիստոսի ակնառու ծառան։ Նա դարձավ հայտնի գրող, հռետոր, դրամատուրգ և ծառայող Իռլանդիայի Պրեսբիտերական եկեղեցում։
Հիլարիի դժվարին, բայց ոգեշնչող կյանքը վառ կերպով պատկերում է Պողոսի խոսքերը Հռոմի հավատացյալներին։ Առաքյալը գիտեր, որ չնայած նրանք կարող էին լուրջ դժվարություններ ունենալ, այնուամենայնիվ, «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով» (Հռոմ. 8․28): Քանզի այս կերպ նրանք կերպարանակից են լինում իր Որդու պատկերին (հ․ 29): Ոչինչ չի կարողանա հաղթել նրանց (հ․ 31), քանի որ Աստծո ողորմած ներկայությունը նրանց հետ է։ «Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց», - գրել է Պողոս առաքյալը (հ․37): Անկախ ամեն ինչից, ոչինչ չէր կարող մեզ բաժանել Աստծո սիրուց (հ․ 38-39):
Անշուշտ, մենք ցանկանում ենք, որ Աստված լուծի մեր խնդիրները, և երբեմն Նա իսկապես դա անում է: Սակայն Պողոսը մեզ կոչ է անում ճանաչել Նրա ուրախությունը, ուժը և ներկայությունը՝ հակառակ դժվարություններին: Եվ, հավանաբար, մեզ համար զարմանալի եղանակով, Նա օգտագործում է դրանք՝ ինչ-որ լավ և գեղեցիկ բան անելու համար։
Ինչպե՞ս է Աստված աջակցում մեզ խնդիրների և դժվարությունների ժամանակ։ Ինչպե՞ս է Նա օգտագործում դրանք՝ մեզ համար բարիք ստեղծելու համար։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, օգնի՛ր մեզ հավատարիմ լինել Քեզ մեր առջև ծառացած դժվարությունների ժամանակ, և հիշեցրո՛ւ, որ ոչինչ չի կարող մեզ բաժանել Քո սիրուց։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 7-9, Հովհաննես 1․1-28