Ա Պետրոս 1․3-9 Շաբաթ | Մայիս 10
Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք։ Ա Պետ․ 1․6
ԱՊՐԵԼ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՎԱՏՔՈՎ
Աշխարհի հազարավոր մարդիկ աղոթում էին Մեգիի երեքամյա որդու համար, ով ամիսներ շարունակ գտնվում էր հիվանդանոցում։ Երբ բժիշկներն ասել էին, որ տղան «ուղեղի զգալի ակտիվություն չունի»,- Մեգին զանգահարեց ինձ։ «Երբեմն ինձ թվում է, թե լիարժեք հավատքով չեմ ապրում», - ասաց նա։ «Գիտեմ, որ Աստված կարող է բուժել Շարլին և տուն բերել։ Բայց ես նաև հաշտ եմ այն մտքի հետ, որ Աստված կարող է նրան Իր մոտ տանել»։ Ընկերուհուս վստահեցրի, որ Տերն իրեն հասկանում է, ինչպես ոչ ոք այս աշխարհում. «Մեգի, Դու վստահել ես Աստծուն Որդուդ կյանքը լիարժեք հավատքով»։ Այս զրույցից մի քանի օր անց տղան ցավոք մահացավ։ Չնայած Մեգին կորստի պատճառով խորապես վշտացած էր, այնուամենայնիվ նա շնորհակալություն հայտնեց Արարչին և բազմաթիվ մարդկանց, ովքեր աղոթում էին իրենց համար։ «Ես հավատում եմ, որ Աստված դեռ բարի է, և որ Նա դեռ Աստված է», - ասաց նա։
Այս աշխարհում մինչև Քրիստոսի վերադարձը, մենք կհանդիպենք տարբեր փորձությունների (Ա Պետ. 1․6): Մենք ստիպված կլինենք դիմանալ տխրությանն ու ցավին։ Սակայն, յուրաքանչյուր ոք, ում Աստված վերստին ծնունդ է շնորհել կենդանի հույսի համար (հ․ 3), կարող է զորանալ Քրիստոսի սիրով և ուրախանալ «անպատմելի ու փառավոր խնդությամբ» (հ․ 8): Այդպիսի հավատքի վերջնական արդյունքը «հոգիների փրկությունն» է (հ․ 9):
Սուրբ Հոգին մեզ զորացնում է լիարժեք հավատքով ապրելու համար։ Նա մեզ ներշնչում է ամբողջական վստահություն ունենալ՝ աղոթքով մեր կյանքի բոլոր իրավիճակները հանձնելով Քրիստոսի խնամքին։
Երբևէ եղե՞լ է, որ Աստված օգնի մեզ ուրախանալ Քրիստոսի փրկության հույսով՝ չնայած դժվարին իրավիճակներին։ Ինչպե՞ս է Նրա հանդեպ մեր վստահությունը անդրադառնում մեր աղոթքների վրա։
Աղոթք – Տե՛ր, մինչ կվերադառնաս ու ամեն բան նոր կդարձնես, օգնի՛ր ինձ ամբողջ սրտով վստահել Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 10-12, Հովհաննես 1․29-51