Ղուկաս 12․13-21 Երկուշաբթի | Մայիս 12
Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու։ Ղուկ. 12.20
ՈՉՆՉԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ
Պալիատիվ օգնություն ցուցաբերող բուժքույր Բրոննի Ուեյրը, հոգ տանելով մահվան շեմին գտնվող հիվանդների մասին, բացահայտեց մի բան, որն իրեն շատ զարմացրեց։ Նրա խնամքի տակ գտնվողները գրեթե երբեք չէին խոսում այն մասին, ինչը սովորաբար հետաքրքրում է առողջ և ակտիվ մարդկանց։ Բրոննին որոշեց մի փոքրիկ հարցում անցկացնել. «Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսել, ի՞նչ կփոխեիք»։ Պատասխանները հաճախ կրկնվում էին, և Բրոննի Ուեյրը կազմեց մահվան շեմին գտնվող մարդկանց հինգ հիմնական ափսոսանքի ցանկը։ Ահա դրանք.
-
Կցանկանայի ապրել այն կյանքով, որ ինձ թելադրում էր խիղճս։
-
Կցանկանայի այդքան շատ չաշխատել։
-
Կցանկանայի ունենալ համարձակություն՝ արտահայտելու իմ զգացմունքները:
-
Կցանկանայի ավելի հաճախ տեսնել ընկերներիս։
-
Կցանկանայի ինձ թույլ տալ ավելի երջանիկ լինել։
Բրոննի Ուեյրի կազմած ցանկը հիշեցնում է մի առակ, որը պատմեց Հիսուսը Ղուկասի Ավետարանում։ Մի հարուստ մարդ մեծ բերք էր հավաքել և որոշեց նոր ու մեծ շտեմարաններ կառուցել՝ երազելով հանգստանալ ու վայելել կյանքը (Ղուկ․ 12․18-19)։ Բայց հենց այդ պահին Աստված նրան դիմեց ու ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (հ․ 20)։
Հնարավո՞ր է մահանալ՝ առանց ոչնչի համար զղջալու։ Դժվար է միանշանակ ասել։ Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ նյութական կուտակումը չի բերում ճշմարիտ բավարարվածություն։ Իրական հարստությունն ու արժեքը ծնվում է Աստծուն նվիրված կյանքից:
Եթե իմանայինք, որ ապրում ենք մեր կյանքի վերջին օրը, ինչպե՞ս կբնութագրեինք ինքներս մեզ՝ մարդ, ով իմաստությա՞մբ է ապրել, թե՞ մեկը, ով աննկատ կորցրել է կյանքի իմաստը։
Աղոթք – Տե՛ր, երբ ժամանակը գա, մեծ ցանկությունս է, որ իմ կյանքում լինեն որքան հնարավոր է քիչ զղջումներ: Օգնի՛ր ինձ ապրել քո իմաստությամբ, զորացրու՛ իմ հոգին՝ քայլելու ուղիներով, որոնք կտանեն դեպի երկնային լիություն: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 15-16, Հովհաննես 3․1-18