.
2025թ., Մայիսի 13

Փիլիպպեցիներին 4․11-13                                                                   Երեքշաբթի   |   Մայիս 13

 

 

 

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Փիլ․ 4․13

 

ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հեղինակավոր պաշտոնում աշխատելուց հետո Ռասելը հանգամանքների բերումով ստիպված էր աշխատել թռչնաբուծական ֆերմայում, որտեղ նա ստանում էր նվազագույն աշխատավարձ։ Դա երախտամոռ, ձանձրալի աշխատանք էր։ Նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։

«Ահա և վերջ, Տե՛ր։ Բավական է, - մի օր լիակատար հուսահատությամբ բացականչեց նա։ - Ես այլևս չեմ կարող այսպես»։ Ապա նրան մոտեցավ գործընկերներից մեկն ու ասեց. «Ռասել, ես այսօր պետք է շուտ գնամ, խնդրում եմ, նաև իմ փոխարեն հավաքիր ձվերը»։

Ռասելի մտքում ակնթարթորեն հնչեց Փիլիպեցիների 4․13 համարը. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։ Սակայն այդ խոսքը նրան մխիթարություն չբերեց, դրա փոխարեն նրա մեջ բորբոքվեց զայրույթը. «Ես չեմ կարող։ Ուժերս լրիվ սպառվել են»։

Երբ Պողոս Առաքյալը գրի էր առնում այս բարձրարժեք խոսքերը, նա մատնանշում էր, որ այդ հոգևոր վիճակին ակնթարթորեն չէր հասել։ «Ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ», - բացատրում էր նա (Փիլ․ 4․11)։ Քրիստոսի զորությունը չէր գործում նրա մեջ որպես ինչ-որ ինքնաբեր ուժ։ Այո՛, այդ զորությունն իրական է, կենարար ու անսպառ, սակայն մարդն ինքն է կոչված քայլ առ քայլ սովորելու դրանից օգտվել։

Հաճախ հենց դժվարությունների ընթացքում՝ «կարիքի մեջ» մնալով և «քաղց» համբերելով (Փիլ․ 4․12), մենք սկսում ենք ապավինել այն զորությանը և շնորհին, որ Տերը խոստացել է Իր հավատացյալներին։ Սրանք դասեր են, որոնք չես սերտում խաղաղ պայմաններում։ Այդ նույն ճշմարտությունը պիտի հասկանար նաև Ռասելը։ Նա պետք  է ամբողջությամբ սպառեր իր ուժերը, որպեսզի կատարելապես զգար Աստծո աջակցությունը։

Թերևս այսօր, երբ մեր սիրտը լցված է հիասթափությամբ ու հոգեկան ընկճվածությամբ, մենք պետք է գիտակցենք Քրիստոսի տված անսահման զորության անհրաժեշտությունը։ Այդ զորությունը երբեք չի սպառվում և մշտապես հասանելի է նրան փնտրողների համար։

 

Երբ այլևս ուժ չենք ունենում առաջ շարժվելու, արդյո՞ք գիտակցում ենք, 

որ  Քրիստոսի զորությամբ ամեն բան կարող ենք։

 

Աղոթք – Հա՛յր, մենք տկար ենք ու հոգնած։ Օգնի՛ր մեզ հրաժարվել սեփական ուժերով ապրելու փորձից և սովորել ապրել Քո զորությամբ։ Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 17-18, Հովհաննես 3․19-36