Դ Թագավորների 19․14-20 Չորեքշաբթի | Մայիս 14
Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները ․․․ Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։ Դ Թագ․ 19․14
ԱՄԵՆ ԲԱՆ ՀԱՆՁՆԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ
Բրայանը սրտի հետ կապված խնդիրներ ունենալուց հետո այցելեց բժշկի, և երբ մտավ սրտաբանի մոտ, նախատեսվածից ավելի երկար մնաց սենյակում։ Նրա ընկերը, սրտատրոփ ու աղոթքով լցված, սպասում էր դռան ետևում՝ աղերսելով Տիրոջից բժշկություն Բրայանի համար և իմաստություն՝ բժիշկների համար։ Երբ Բրայանը վերջապես դուրս եկավ բժշկի սենյակից, նրա ձեռքին թղթերի մի ամբողջ կապոց կար, նա լուռ նստեց, սեղանին շարեց բժշկական տեղեկագրերն ու մանրամասն ներկայացրեց առաջարկված բուժման տարբերակները։ Նրանք միասին խոնարհ աղոթք բարձրացրին՝ Աստծուց առաջնորդություն խնդրելով։ Եվ այդ պահին, խաղաղ մի վստահությամբ, Բրայանն ասաց. «Ինչ էլ որ պատահի, ես Աստծո ձեռքերում եմ»։
Եզեկիա թագավորը «տարածեց նամակը Տիրոջ առաջ» (Դ Թագ․ 19․14): Նամակում խոսք չկար առողջության ծանր վիճակի մասին, այլ հզոր թշնամու՝ Ասորեստանի սպառնալիքի մասին էր գրված, որն արդեն գրավել էր Հրեաստանի բոլոր ամուր քաղաքները և այժմ պատրաստվում էր հարձակվել մայրաքաղաք Երուսաղեմի վրա։ Եզեկիան աղոթեց. «Ո՛վ Տեր Աստված ․․․ երկրի բոլոր թագավորությունների համար միայն Դու ես Աստված... Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ» (հ․ 15,19): Շուտով Եսայի մարգարեն նրան լուր ուղարկեց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ ․․․ լսեցի» (հ․ 20): Նույն գիշերն Աստված ոչնչացրեց ասորեստանյան բանակը (հ․ 35):
Անկախ նրանից, թե ինչպիսի սպառնալիք է հանդիպում մեզ այսօր, բերե՛նք դա Աստծուն։ Երբ մեր սիրտը բացում ենք Նրա առաջ (Փիլ․ 4․6), Նա լսում է և շտապում օգնության։ Մենք կարող ենք հանգստանալ մեր Արարչի ձեռքերում՝ ամբողջությամբ հուսալով Նրա իմաստությանը, սիրուն ու զորությանը։
Ի՞նչ կարող ենք այսօր աղոթքով «բերել Աստծո առաջ»։
Ինչպե՞ս է Նա հանգստություն պարգևել մեզ անցյալում,
երբ դժվարության մեջ ենք հայտնվել։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ երբ իմ խնդիրներով գալիս եմ Քեզ մոտ,
Դու լսում ես ինձ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 19-21, Հովհաննես 4․1-30