.
2025թ., Մայիսի 15

Ելք 4․10-17                                                                                            Հինգշաբթի   |   Մայիս 15

 

 

«Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։ Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։ Ելք 4․11-12

 

ԿԱՆՉՎԱԾ ԵՄ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՄ

 

Ջոնը զգում էր, որ Աստված իրեն կանչել է հոգևոր ծառայության, սակայն մի օր նա կորցրեց տեսողությունը։ Համոզված լինելով, որ կուրությունը խոչընդոտ է իր կոչման համար, Ջոնը տարիներ շարունակ աղոթում էր բժշկության համար։ Մի օր, երբ նա եկեղեցում էր և Աստծո կողմից լքված էր զգում իրեն, ցասումով լցված աղոթք բարձրացրեց՝ սրտում կուտակված ողջ ցավը թափելով, մինչև վերջնականապես ուժասպառ եղավ։  Եվ այդ պահին, ասես ինչ-որ ձայն հնչեց նրա ներսում. «Ջո՛ն, մի՞թե կարծում ես, որ Ես այդքան տկար եմ, որ չեմ կարող գործածել քեզ ծառայության համար այնպիսին, ինչպիսին կաս, և մտածում ես, որ նախ պետք է բժշկե՞մ քեզ»։ Դրանից հետո նրա միտքը լիովին փոխվեց։ Նա դադարեց մտածել իր կուրության մասին և ավելի քան երեսուն տարի ծառայեց հենց այն եկեղեցում, որտեղ ցասմամբ լի մի օր աղոթք բարձրացրեց առ Աստված։

Մովսեսն էլ էր կարծում, թե չի կարող կատարել Աստծո պատվերն իր տկարության պատճառով։ «Ես ծանրախոս և ծանրալեզու եմ»,– առարկեց նա Աստծուն (Ելք 4․10)։ Սակայն Տերը նրան պատասխանեց, որ ինքն է նրան այդպիսին ստեղծել. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը»։ Այս խոսքերը հարկ է ընթերցել ամբողջ Սուրբ Գրքի համատեքստում։ Եթե հաշմանդամությունը ցավ է պատճառում կամ մեկուսացնում մարդուն, անհրաժեշտ է, որ մենք աղոթքով դիմենք Աստծուն՝ բժշկության ու զորության խնդրանքով։ Բայց Մովսեսի դեպքում նրա սահմանափակությունը պարզապես խանգարում էր ինքնավստահությանը։ Աստված ուղարկեց Ահարոնին իբրև օգնական, թեև ակնհայտ էր, որ Մովսեսը լիովին կարող էր կատարել առաքելությունը նաև առանց նրա, քանի որ Աստված իր հետ էր։

Եթե ​​մենք նույնպես մեզ անպիտան ենք զգում ծառայության համար, հատկապես որևէ ֆիզիկական հաշմանդամության պատճառով, հիշե՛նք, թե ինչպես Աստված կանչեց Մովսեսին։ Նա է ստեղծել մեզ, Նա ճանաչում է մեզ և Նա կապահովի մեզ անհրաժեշտ ամեն ինչով։

 

Երբևէ եղե՞լ է, որ մտածել ենք արժանի չենք կամ պատրաստ չենք ծառայելու Աստծուն։ Աղոթենք, որպեսզի մեր սրտերը խաղաղվեն, մեր մտքերը մաքրվեն կասկածից, և մեր ոտքերը հաստատորեն քայլեն այն ճանապարհով,

որով Նա է առաջնորդում։ 

 

Աղոթք – Իմ Տե՛ր և Արարի՛չ, ուղղի՛ր իմ հայացքը դեպի Քեզ և պարգևի՛ր Քո խաղաղությունն ու ներքին համարձակությունը՝ ընդունելու ինձ այնպիսին, ինչպիսին կամ, և նվիրումով ու ամբողջ սրտով ծառայելու Քեզ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 22-23, Հովհաննես 4․31-54