Մարկողս 1․1-8 Ուրբաթ | Մայիս 16
Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։ Մարկ․ 1․1
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ
Վերջերս եղբայրս՝ Սքոթը, ձեռք էր բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից պահպանված մեր հոր ռազմական փաստաթղթերը։ Ես մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցի դրանք, բայց որևէ հուզիչ կամ ցնցող բան չգտա։ Միայն փաստեր ու տվյալներ։ Թեև ընթերցելը հետաքրքիր էր, վերջում մի տեսակ չբավարված զգացի ինձ, քանի որ փաստաթղթերը հորս մասին նոր որևէ բան չէին բացահայտում։
Սակայն Հիսուսի կյանքի և ծառայության մասին պատմող չորս Ավետարանները պարզապես փաստերի ժողովածու չեն։ Դրանք բացահայտում են, թե ով է Հիսուս Քրիստոսը՝ ներկայացնելով Նրա աստվածային ուսմունքները։ Մարկոսի Ավետարանի հենց սկզբում տեսնում ենք մի համար, որը հստակ ազդարարում է ամբողջ պատմության նպատակը. «Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը» (Մարկ 1.1)։ Ապա Մարկոսը պատմում է Հովհաննես Մկրտչի վկայության մասին, ով ասում է. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու» (հ. 7)։ Մարկոսն ուղղակիորեն նշում է, որ Հիսուսն Աստծո Որդին է։ Հովհաննես առաքյալն իր Ավետարանում ավելացնում է. «Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք» (Հովհ․ 20․31):
Քրիստոսի մասին վկայությունները միանգամայն բավարար են։ Մնում է միայն մեկ կարևոր հարց. ի՞նչ նշանակություն ունի Նա քեզ համար։
Ի՞նչ տեղ ունի Հիսուս Քրիստոսի կյանքի, մահվան ու հարության ճշմարտությունը մեր մտածողության ու հավատքի մեջ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, գոհություն ենք հայտնում Քո Որդու՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքի մասին կենդանի և հստակ վկայությունների համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 24-25, Հովհաննես 5․1-24