.
ՀԱԵ արվեստագետների գործերի ցուցահանդես

Սեպտեմբերի 26-ին, Հայաստանի նկարիչների միության սրահում ԱՀԱԸ-ի 100-ամյա տարեդարձի կապակցությամբ բացվեց Հայ Ավետարանական արվեստագետների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են 15 հայտնի արվեստագետների 60-ից ավելի գործեր՝  դիմանկարներ, քանդակներ, գունագեղ բնապատկերներ, նատյուրմորտներ, երգիծական նկարներ, որոնք նրանց աշխատանքների մի փոքր մասն են միայն:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ-ի նախագահ Նազարեթ Դարակճեանը, Հայ Ավետարանական եկեղեցիների միությունների նախագահներ, հյուրեր արտերկրից, ցուցահանդեսում ներկայացված գործերի հեղինակներ Տիպար Ափարթյանը, Տիգրան Քասունին, Վրեժ Քասունին, Մարիամ Դաշտոյանը, Լեոնի Փիլաջյանը, Գեղամ Բեկջանյանը:

ԱՀԱԸ-ի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը, շնորհավորելով ներկաներին ԱՀԱԸ-ի 100-ամյակի կապակցությամբ, անդրադարձավ ցուցահանդեսի ստեղծմանը, կազմակերպչական աշխատանքներին, շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բացմանը ներկա հեղինակներին, կազմակերպիչներին, հատկապես ցուցահանդեսի աշխատանքները համակարգող՝ գեղանկարիչ, երգիծանկարիչ, ռեժիսոր Վրեժ Քասունուն՝  ձևավորման և համակարգման ողջ հոգսն իր վրա վերցնելու համար:

Հատուկ շնորհակալություն հայտնեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին Ազգային պատկերասրահի ֆոնդերից Արմիսի՝ Արմեն Միսիրյանի գործերը դուրս բերելու և այստեղ ներկայացնելու թույլտվության համար:

Այնուհետև ելույթ ունեցավ Վրեժ Քասունին: Նա ներկայացրեց ցուցահանդեսի բացմանը ներկա հեղինակներին, հակիրճ բնութագրեց նրանց աշխատանքները և շեշտեց, որ այս գործերը բազմիցս ներկայացվել են նաև այլ երկրներում:

Ելույթ ունեցավ ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Պրն Խանջյանը նույնպես շնորհակալություն հայտնեց Հայ Ավետարանական արվեստագետներին իրենց աշխատանքները տրամադրելու համար և ասաց. «Այսօր մենք ականատեսն եք արվեստի յուրահատուկ աշխատանքների ցուցադրության: Ճիշտ է, որ այս գործերը Հայ Ավետարանական արվեստագետների գործեր ենք անվանում, սակայն դրանք չունեն ավետարանական համայնքի պատկանելիություն, դրանք բոլորինն են: Ընտրված 15 արվեստագետները գեղեցիկի ուժով ներկայացնում են մարդկային բնավորությունները, բնության հարուստ նրբերանգները… և ամենակարևորը, որ այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին շփվելու ներկայացված գործերի  հեղինակների հետ, որոնք պատրաստակամ են շփվելու ձեզ հետ և ներկայացնելու իրենց կտավները: Վստահ եմ, որ  ցուցահանդեսը կարժանանա ինչպես ձեր, այնպես էլ արվեստի քննադատների դրվատական գնահատականներին»:

Այնուհետև արվեստասերները շրջեցին պատկերասրահով, դիտեցին ներկայացված գործերը, շփվեցին հեղինակների հետ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը:

Աղբյուր՝ http://www.amaa.am

Նախորդ
...
X