Առակներ 3․1-8 Շաբաթ | Մայիս 17
Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։ Առ․ 3․6
ՀԵՏԵՎԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Վերջերս Փարիզ կատարած այցի ժամանակ դուրս եկա քաղաքով զբոսնելու, իսկ հետո ընկերոջս հետ պետք է հանդիպեինք Էյֆելյան աշտարակի մոտ՝ ընթրիքի։ Ամեն ինչ լավ էր, մինչև հեռախոսիս մարտկոցն անջատվեց։ Ես քարտեզ չունեի, ուստի չգիտեի՝ ուր գնալ։ Բայց, լինելով փորձառու քաղաքացի, խուճապի չմատնվեցի, այլ քայլեցի Սենի երկայնքով՝ չհեռացնելով աչքերս հեռվում տեսանելի Էյֆելյան աշտարակից։ Այսպես բավական մոտ էի նպատակակետիս, երբ հանկարծ այն անհետացավ մոտակա շենքերի ետևում։
Ես զարմացած էի. ինչպե՞ս կարող էր այդքան մեծ կառույցը հանկարծ անհետանալ տեսադաշտից։ Այդ պահից հասկացա, որ առանց օգնության չեմ կարողանա շարունակել։ Անցորդներից հարցուփորձ անելով՝ վերջապես հանդիպեցի ընկերոջս։
Կյանքը կարող է չափազանց անկանխատեսելի լինել։ Բայց եթե մեր ճանապարհին հանդիպում ենք խոչընդոտների և դժվարությունների, միշտ կարող ենք Աստծուց օգնություն և առաջնորդություն խնդրել։ Նա կօգնի մեզ չմոլորվել և չշեղվել ճիշտ ճանապարհից։
Առակաց գրքում Սողոմոնը խրախուսում է իր ընթերցողներին՝ ասելով. «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առ․ 3․5-6):
Երբ մենք Աստծո իմաստությունը փնտրենք Նրա Խոսքում և աղոթքով խնդրենք, որպեսզի Նա օգնի մեզ, ապա կզգանք Նրա առաջնորդությունը մեր կյանքում։
Ինչո՞ւ է մեզ համար երբեմն դժվար Աստծուն հետևելը։
Ինչպե՞ս կարող ենք պահպանել ավելի մտերիմ հարաբերությունները Նրա հետ։
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ Դու առաջնորդում և ուղղորդում ես ինձ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 1-3, Հովհաննես 5․25-47