Ծնունդ 1․1-13 Կիրակի | Մայիս 18
Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Ծնունդ 1․11
ԱՍՏԾՈ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հիսունմեկ տարեկանում Ինես Մեքսիան (1870–1938) որոշեց ընդունվել բուսաբանության ֆակուլտետ և մի խումբ երիտասարդ ուսանողների հետ դիմեց համալսարան։ Տասներեք տարվա գիտական գործունեության ընթացքում նա բացահայտեց ավելի քան հինգ հարյուր նոր բուսատեսակ։ Այդուհանդերձ, սա այնքան էլ զարմանալի չէ, քանզի գիտնականներն ամեն տարի շուրջ երկու հազար նոր բուսատեսակ են հայտնաբերում։
Ծննդոց գիրքը պատմում է, թե ինչպես Աստված անձև, դատարկ և մութ երկրից ստեղծեց առատությամբ լի մի վայր։ Երրորդ օրը Նա բաժանեց ջրերը, ստեղծեց ցամաքը և սկսեց այն բնակելի դարձնել։ Նրա խոսքով երկիրը աճեցրեց «կանաչ խոտ, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ» (Ծնունդ 1․11): Սրանք բույսեր էին, որոնք մարդիկ կարող էին ուտել։ Աստված ստեղծեց ոչ թե մեկ տեսակի ուտելի և պտղատու բույսեր, այլ բազմաթիվ։
Աստված ամենի Արարիչն է (Ծնունդ 1.1), Նրան հաճելի է բազմազանությունն ու գեղեցկությունը։ Եթե Նա նպատակ ունենար պարզապես ապահովելու մեր սնունդը, կարող էր ստեղծել ընդամենը մեկ տեսակ բույս, որն իր մեջ կպարունակեր մեզ համար անհրաժեշտ բոլոր տարրերը։ Սակայն Տերն ամեն բան ստեղծում է հարուստ բազմազանությամբ՝ բույսեր, կենդանիներ ու աստղեր, որոնք արտացոլում են Նրա փառքն ու գեղեցկությունը։ Նա ամեն բան անում է շքեղությամբ և սիրով։
Աստծո առատաձեռնությունը սահմանափակված չէ միայն Նրա արարչագործությամբ։ Նա նաև անչափ առատ է Իր շնորհի մեջ։ Պողոս Առաքյալը գրում է. «Իսկ մեր Տիրոջ շնորհն է՛լ ավելի մեծ եղավ հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է» (Ա Տիմ. 1.14)։ Ինչպես արարչագործության դեպքում, այնպես էլ այստեղ Աստծո շնորհքը ոչ միայն բավարարում է անհրաժեշտը, այլ տալիս է ավելին՝ առատությամբ ու սիրով։
Ինչպե՞ս է Աստծո բարությունն ու հոգատարությունը դրսևորվում արարչագործության մեջ։ Ինչպե՞ս է Նա ցույց տվել Իր առատաձեռնությունը
մեր կյանքում։
Աղոթք – Երկնային Հա՛յ , շնորհակալ եմ այս հրաշալի աշխարհի ստեղծման համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 4-6, Հովհաննես 6․1-26