.
2025թ., Մայիսի 19

Հոբ 23․1-12                                                                                         Երկուշաբթի   |   Մայիս 19

 

 

Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։ Հոբ 23․10

 

ԶՏՎԱԾ ՈՍԿԻ

 

Մանկության տարիներին Էնդին ստիպված եղավ մի քանի անգամ տեղափոխվել՝ Զիմբաբվեից Շեֆիլդ, Շեֆիլդից՝ Բրիստոլ։ Դրա պատճառով նա խնդիրներ ուներ սոցիալական հարմարվողականության և ընկերներ ձեռք բերելու հարցում։ «Ամեն անգամ կոկորդս լցվում էր և չէի կարողանում խոսել, ես մկան պես լուռ էի,- տխրությամբ պատմում է Էնդին։- Ամեն օր լաց էի լինում՝ չիմանալով, թե ինչպես հաղթահարել իմ զգացմունքները»։

Մի օր, երբ նա կարդում էր Հոբի պատմությունը, այս խոսքերը նրա համար հայտնության պես հնչեցին. «Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ» (Հոբ 23․10): Էնդին հասկացավ, որ չնայած դժվար ժամանակներ էր ապրում, դրանք ամրապնդում էին իր բնավորությունը՝ դարձնելով իրեն ոսկու պես զտված մարդ։

Արդար մարդու տառապանքի մասին հայտնի աստվածաշնչյան պատմության մեջ Էնդին տեսավ Աստծո վերականգնող սիրո պատմությունը։ Հոբն իր ընկերներին պատմեց, թե որքան է կարոտում Աստծուն. «Երանի՜ գիտենայի, թե նրան ինչպե՛ս գտնեմ. մինչև նրա գահը կգնայի» (հ․ 3): Եվ չնայած Աստված լռությամբ պատասխանում էր նրա հարցերին, Հոբը հավատում էր, որ Աստված սիրում է իրեն և գործում է իր կյանքում։ Նա հավատում էր, որ փորձությունների միջով անցնելուց հետո նա ոսկու պես կլինի (հ․10):

Նույնն էր նաև Էնդիի պարագայում։ Աստծո սիրո շնորհիվ նա ավելի վստահ դարձավ, աստիճանաբար ընկերներ գտավ և ավելի անկախ դարձավ։ 

Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած փորձություններին, 

տեսնո՞ւմ ենք արդյոք Աստծո սերն ու շնորհը դրանց մեջ։

Ինչպե՞ս ենք փոխվել՝ հետևելով Քրիստոսին։

 

Աղոթք – Տե՛ր, ես միշտ չէ, որ հասկանում եմ, թե ինչու են տեղի ունենում որոշ բաներ իմ կյանքում, բայց հավատում ու վստահում եմ Քո բարությանը, գթությանը և սիրուն: Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 7-9, Հովհաննես 6․22-44