Եսայի 41․10-13 Երեքշաբթի | Մայիս 20
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ․․․։ Ես. 41․10
«ՎՇՏԵՐԻ ՄԱՐԴ»
2023 թ. փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած կործանարար երկրաշարժից հետո սոցցանցերը ողողված էին մի լուսանկարով, որի մեջ հայրը, նստած փլատակների մեջ, բռնել էր բեկորների արանքից դուրս ցցված իր աղջկա ձեռքը։ Նկարում երևում էր նաև այն ներքնակի եզրը, որի վրա աղջիկը քնել էր, իսկ նրա անկենդան մատները հոր ձեռքերում էին։ Նրա դեմքը մռայլ էր, վիշտն անչափելի։
Տառապանքով պատված այդ հոր կերպարում ես տեսնում եմ մեր Երկնավոր Հոր արտացոլանքը։ «Ծննդոց» գրքում ասվում է, որ Տերն «Իր սրտի մեջ տրտմեց» (Ծննդ. 6․6), երբ տեսավ, թե ինչպիսի ավերածություն է բերում մեղքն Իր արարչագործության մեջ։ Իսկ Եսայի մարգարեն, խոսելով Մեսիայի գալստյան մասին, նկարագրում է Նրան որպես «վշտերի մարդ» (Ես. 53․3)։ Աստված վշտանում է մեզ համար և մեր հետ։ Նա նստում է կյանքի փլատակների կողքին և շշնջում. «Ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը» (Ես. 41․13)։
Անկախ այն դժբախտություններից, որոնց բախվում ենք՝ ողբերգական դեպքեր, սիրելի մարդու կորուստ կամ գուցե սեփական մեղքի հետևանքներ, հիշենք՝ Աստված վշտակցում է մեզ։ Որքան էլ ուժգին լինի այն «երկրաշարժը», որ ցնցել է մեր կյանքը, Աստված բռնել է մեր ձեռքը։ Աստված, որ Սեր է, ասում է մեզ․ «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ» (Ես. 41․13)։
Ի՞նչ փորձությունների միջով ենք անցնում հիմա։
Ինչպե՞ս կարող է մեզ մխիթարել այն գիտակցումը, որ Աստված կիսում է մեր վիշտը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու սգում ես ինձ հետ և ինձ համար, շնորհակալ եմ,որ կողքիս ես ու Քո սիրառատ ու զորավոր ձեռքով ամուր բռնում ես ինձ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 10-12, Հովհաննես 6․45-71