Ղևտական 19․9-10, 33-34 Չորեքշաբթի | Մայիս 21
Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը։ Ելք 23․9
ՍԵՐ ՕՏԱՐԱԿԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Ընկերուհիս, ով շատ տաղանդավոր դերձակ էր, երկարատև հիվանդությունից հետո ցավոք մահացավ, սակայն մահից առաջ մի շատ կարևոր գործ արեց։ Նա իր կարի սարքավորումներն ամբողջությամբ նվիրեց վերջերս երկրում հաստատված միգրանտների հագուստի արտադրամասին: «Մենք նվիրաբերեցինք կարի մեքենաներ, կտրվածքի սեղաններ, քսանութ տուփ որակյալ կտորներ, – պատմում էր նրա ամուսինը,- դրանք տեղափոխելու համար վեց մարդ էր եկել: Մեր քաղաք եկած միգրանտներն աշխատասեր մարդիկ էին ու ապագա շատ լավ մասնագետներ»:
Քաղաքում կարելի էր տարբեր կարծիքներ լսել այդ մարդկանց մասին և շատերն այդքան էլ բարյացակամ վերաբերմունք չունեին նրանց հանդեպ։
Հին Կտակարանում Մովսեսն Աստծուց ուղիղ հայտնություն ստացավ այս հարցի վերաբերյալ։ «Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը», - ասաց Տերը (Ելք 23․9): Բացի այդ, Նա տվեց բազմաթիվ մանրամասն հրահանգներ: Օրինակ՝ «Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես ... Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին» (Ղևտ. 19․9-10):
Եվ Աստված նաև ասաց. «Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։ Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում» (Ղևտ․ 19.33-34):
Տերը սահմանեց այս չափանիշը։ Թող Նա բացի մեր սրտերը՝ սիրելու նրանց, ովքեր բնակություն են հաստատել մեր երկրում։
Ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց, ովքեր «օտարական» են մեր համայնքում կամ եկեղեցում: Ինչպե՞ս է Աստծո Խոսքը ձևավորում մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Աղոթք – Երկնային Հա՛յր, բացի՛ր իմ սիրտը, որպեսզի կարողանամ Քո տված չափանիշների համեմատ ուրիշներին ընդունել: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 13-15, Հովհաննես 7․1-27