.
2025թ., Մայիսի 23

Բ Թեսաղոնիկեցիներին 2․7-12                                                                Ուրբաթ   |   Մայիս 23

 

 

Եվ ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Բ Թես․ 2․10

 

ՍԻՐԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջեքը չէր սիրում դպրոցը։ Հանրահաշվի, ֆիզիկայի և քիմիայի դասերը նրան ձանձրացնում էին։ Իսկ ահա շինարարությունը նրա մեծ սերն էր։  Ամռան ամիսներին հայրը նրան իր հետ տանում էր շինհրապարակ, որտեղ Ջեքն իրեն իրապես զգում էր ինչպես տանը։ Թեև նա ընդամենը տասնվեց տարեկան էր, բայց արդեն գիտեր, թե ինչպես աշխատել ցեմենտի ու փայտի հետ, կարողանում էր աղյուս շարել և սվաղել։ Իսկ ո՞րն էր տարբերությունը դպրոցի և շինհրապարակի միջև. վերջինիս հանդեպ Ջեքը մեծագույն սեր էր տածում, որը խթանում էր նրա հետաքրքրությունը։ 

Մենք՝ հավատացյալներս, պետք է սիրենք ճշմարտությունը։ Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին պատմում է սատանայի կողմից ուղարկված մեկի մասին, ով գալու է աշխարհ և կեղծ նշաններ ու հրաշքներ է գործելու՝ մոլորեցնելու համար կորստյան մատնվածներին (Բ Թես․ 2․9-10): Իսկ ինչո՞ւ պիտի նրանք հավատային այդ մեկին։ Պողոսը մեկնում է. «Որովհետև նրանք չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան» (հ․ 10-11):

«Ի՞նչ գիտենք մենք» կարևոր հարցի պատասխանը հաճախ կախված է մեկ այլ հարցից՝ «ի՞նչ ենք սիրում»։ Մեր միտքը շատ դեպքերում գնում է սրտի հետևից։ Մենք սովորում ենք այն, ինչ մեզ հետաքրքիր է։ Եթե սիրում ենք ճշմարտությունն ու իմաստությունը, ապա կփնտրենք դրանք, ինչպես ոսկին: «(Իմաստությունը) մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ» (Առակ. 4.6)։

Իսկ ո՞րն է իրական Ճշմարտությունը։ Հիսուսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14.6)։ Սիրե՛նք Հիսուս Քրիստոսին, և կճանաչենք Նրա ճանապարհը։ Նա կպահպանի մեզ՝ առաջնորդելով դեպի Իր ճշմարտությունը։

 

Ինչո՞ւ է կարևոր սիրել ճշմարտությունը։

 

Աղոթք – Երկնային Հա՛յր, լցրո՛ւ սիրտս Քո սիրով, որպեսզի սիրեմ Քեզ ու Քո ճշմարտությունը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 19-21, Հովհաննես 8․1-27