.
ԱՀԱԸ 100-ամյակի տոնական միջոցառում

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 2017թ.-ի վերջից աշխարհի 24 երկրներում տարբեր ծրագրերի ու միջոցառումների միջոցով տոնում է իր 100-ամյակը: Հայաստանում տոնակատարությունները սկսեցին սեպտեմբերի 23-ից:

Սեպտեմբերի  28-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ԱՀԱԸ 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: «Հավատի, սիրո եւ ծառայության ժառանգություն» խորագիրը կրող թատերականացված երաժշտական ներկայացումը պատմեց մարդու արարումից մինչեւ մեծ եղեռն, երկրաշարժ ու այլ արհավիրքներ, քրիստոնեության ընդունումից մինչև Աստծո Խոսքի շնորհիվ մարդկանց վերափոխումը՝ մերթ ընդ մերթ ընդմիջվելով ԱՀԱԸ ստեղծման, առաքելության եւ գործունեության մասին պատմող տեսանյութերով:

ԱՀԱԸ տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա էին ինչպես ԱՀԱԸ, ՀԱԵ, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի կառավարության նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Միջոցառումն ավարտվեց Էդուարդ Զորիկյանի եւ Ավետիսյան դպրոցի սաների կատարմամբ՝ ԱՀԱԸ-ին նվիրված «Թող աշխարհում լինի բարին» երգով: 

ԱՀԱԸ-ն ստեղծվեց 1918 թվականի հունիսի 7-ին, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում՝ հայ ժողովրդի համար ամենադրամատիկ շրջանում, երբ Ցեղասպանությունից մազապուրծ հայերը սփռվել էին աշխարհով մեկ:  ԱՀԱԸ-ն ստեղծման առաջին իսկ օրվանից ներգրավվեց տարբեր երկրներում հանգրվանած և բազում խնդիրներ ունեցող հայ ժողովրդի մասին հոգ տանելու սրբազան գործին:
    ԱՀԱԸ-ի առաքելությունն է խոսքով և գործով արտահայտել Աստծո սերը մարդկանց նկատմամբ,  օգնել  հայ ժողովրդին՝ պահպանելու հավատքը, մշակույթը և ազգային ինքնությունը:
    1988թ.՝ երկրաշարժից անմիջապես հետո, ինչպես ամբողջ աշխարհը,  ԱՀԱԸ-ն նույնպես կատարեց անհրաժեշտը  երկրաշարժից տուժած հայ ժողովրդի ցավը մեղմելու համար, ցուցաբերեց օգնություն՝  սննդի, հագուստի, դեղորայքի, բժշկական սարքավորումների տեսքով:
    ԱՀԱԸ-ի բոլոր ծրագրերն իրագործվում են՝ շնորհիվ հազարավոր անձանց անսակարկ ծառայության, կամավոր ջանքերի և նյութական նվերների:

Տես նաև՝ http://www.amaa.am

Նախորդ
...
X