Առակներ 24․15-22 Շաբաթ | Մայիս 24
Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն։ Առ․24․16
ՎԵ՛Ր ԿԱՑ
Պատանի տարիքում ես հմայված էի գեղասահքով։ Ինձ դուր էր գալիս արվեստի և սպորտի համադրությունը, արագ պտույտները, բարձր ցատկերը և նրբագեղ դիրքերը։ Երբ հնարավորություն ստեղծվեց դասերին մասնակցելու, անմիջապես գրանցվեցի։ Առաջին իսկ դասի ժամանակ ինձ սովորեցրին գեղասահորդի համար ամենակարևոր հմտությունը՝ ընկնելուց հետո արագ վեր կենալ։ Շատ հաճախ էի վայր ընկնում, և, խոստովանում եմ, դրանք շատ ցավոտ էին։ Բայց ես միշտ կիրառում էի այդ հիմնական հմտությունը՝ ընկնելուց հետո անմիջապես ոտքի կանգնել։
Պարտադիր չէ մարզիկ լինել՝ հասկանալու համար, որ ընկնելը կյանքի անբաժան մի մասն է։ Հնարավոր է՝ մենք սայթաքում ենք՝ մեղանչելով կամ սխալվելով, երբեմն էլ՝ անսպասելի հանգամանքներն են մեզ տապալում։ Եվ, իհարկե, սատանան մեզ վրա հարձակվում է տարբեր ձևերով։ «Հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք» (Բ Կորնթ. 4․9): Տարբեր պատճառներով բոլորս էլ երբեմն ընկնում ու անհաջողություններ ենք ունենում։ Երբ թշնամուն հաջողվում է մեզ տապալել, եկե՛ք հիշենք, որ Աստված տեսնում է մեզ և կօգնի ոտքի կանգնել, «քանզի արդարը կարող է յոթ անգամ ընկնել և վեր կենալ» (Առակ․ 24․16):
Անկման դեպքում մենք չպետք է մնանք գետնին։ Անհրաժեշտ է մեր հայացքն ուղղել Տիրոջը, Ով մեզ ուժ կտա և կբարձրացնի:
Ինչպե՞ս ենք հաղթահարում անկումները և ինչպե՞ս է Աստված մեզ օգնում ոտքի կանգնել:
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ ընկնելուց հետո բարձրանալ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 22-24, Հովհաննես 8․28-59