Ա Թեսաղոնիկեցիներին 5․4-15 Կիրակի | Մայիս 25
Անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։ Ա Թես․ 5․14
ՆՈՐՈԳՎԱԾ ՀՈՒՅՍ
Թիմն ապշած էր։ Նրա տասնութամյա որդին սկսել էր շատ ժամանակ անցկացնել գրադարանում։ Երիտասարդը տառապում էր աուտիզմով, հազվադեպ էր խոսում և սովորաբար դասերից անմիջապես հետո վերադառնում էր տուն։ Ի՞նչ էր պատահել, ո՞րն էր այս փոփոխության պատճառը: Հոր երկար հարցադրումներից հետո տղան պատասխանեց. «Ես սովորում եմ Նավինի հետ»։
Պարզվեց, որ Նավինը նրա դասարանցին էր, ով նկատել էր, որ Թիմի որդին դժվարանում էր սովորել, և առաջարկել էր նրան իր օգնությունը։ Նրանց միջև ձևավորված բարեկամությունը, որն առաջինն էր այդ տասնութ տարվա ընթացքում, մեծապես ոգեշնչեց հորը, ով արդեն կորցրել էր հույսը, որ որդին երբևէ ընկեր կունենա։
Հույսը վերածնվեց պարզապես այն պատճառով, որ մեկ մարդ հոգատարություն դրսևորեց մեկ ուրիշի հանդեպ։ Սա վերաբերում է նաև մեր փրկության հույսին։ Պողոս առաքյալը, թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում, գրում է. «Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք» (Ա Թես․ 5․6)՝ Քրիստոսի վերադարձին սպասելիս, «միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք» (հ․ 11), հատկապես նրանց, ովքեր դժվարությունների մեջ են։
Թեև Պողոսի նամակների ընթերցողներն արդեն իսկ ապրում էին Աստծուն հաճելի կյանքով ու սիրով (Ա Թես. 4.1, 10), առաքյալը, այնուամենայնիվ, կոչ էր անում նրանց. «Երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք» (Ա Թես. 5.14)։
Երբ տեսնում ենք քրիստոնյաների, ովքեր վախի, տագնապի կամ հուսալքության մեջ են, և մոտենում ենք նրանց՝ պարզապես լսելու, բարի խոսք ասելու կամ կողքին նստելու, Աստված կարող է օգտագործել մեզ՝ նրանց ուժը, քաջությունը և, ամենակարևորը, Քրիստոսի հանդեպ նրանց հույսը նորոգելու համար։
Ինչպե՞ս կարող ենք Աստծո սերը փոխանցել մեկին, ով այժմ դժվարության մեջ է։
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր ինձ հոգ տանել թույլերի և միայնակների մասին, որպեսզի նրանք նորոգվեն Քրիստոսի հույսով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 25-27, Հովհաննես 9․1-23