Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու տղամարդկանց խմբերը համակարգող հանձնախումբը մայիսի 17-ին տղամարդկանց տարածաշրջանային մեկօրյա համագումար էր նախաձեռնել Գյումրիում: «Աստծո պատկերով և նմանությամբ» խորագիրը կրող համագումարը երկրորդն էր, այս անգամ՝ Հայաստանի Հյուսիսային տարածաշրջանի ՀԱԵ տղամարդկանց համար։ Համագումարը մեկտեղել էր ավելի քան 60 մասնակցի՝ Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Նոյեմբերյան, Շիրակամուտ, Իջևան, Արմավիր և Գյումրի քաղաքներից. սկսած 16 տարեկան պատանիներից մինչև հասուն տղամարդիկ, որոնց միավորել էր նույն նպատակը՝ վերագտնել և վերարժևորել իրենց աստվածատուր կոչումն ու դերակատարությունն ընտանիքում, եկեղեցում և ստեղծագործ աշխարհում։
Համագումարը սկսվեց համատեղ ճաշով, որին հաջորդեց ճիշտ առաջնորդությանը հետևելու մասին զվարճալի խաղը՝ նպաստելով մասնակիցների միջև մտերմությանը և հաղորդակցությանը։ Այնուհետև տեղի ունեցավ պաշտամունք՝ միասնական փառաբանությամբ, աղոթքով ու օրվա գլխավոր թեմայի բացահայտմամբ։
ՀԱԵ Գյումրու հովիվ, պատվելի Արամ Բաբաջանյանը, ով համագումարի խոսնակն էր, ներկայացրեց տղամարդու դերի կարևորությունը եկեղեցում, ընտանիքում և հասարակության մեջ՝ հիմնվելով Ծննդոց 1.26-ի վրա։ Նա ընդգծեց, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ՝ կրելով Աստծո պատկերը և ունենալով իշխանություն, ուստի տղամարդը պետք է լինի ընտանիքի հոգևոր առաջնորդը՝ սիրելով, խնամելով և ծառայելով իր ընտանիքին, ինչպես Քրիստոսը եկեղեցուն։ Թեմայի առաջին մասին հաջորդեց մասնակիցների անհատական անդրադարձը: Եղբայրները բաժանվեցին խմբերի՝ քննարկելու հետևյալ հարցերը.
- Ի՞նչ էր Ադամի համար նշանակում Աստծո պատկերն ու նմանությունը կրել։
- Ինչպիսի՞ն էր (է) Աստծո իշխանությունը։
- Արդյոք ի՞նչ առնչություն ուներ Ադամն Աստծո իշխանության հետ։
- Այսօր տղամարդու համար գործնականում ի՞նչ է նշանակում Աստծո պատկերը և նմանությունը կրել ու Նրա իշխանությունը ներկայացնել։
Երբ քննարկումներն ավարտվեցին ու տղամարդիկ վերադարձան եկեղեցասրահ, պատվելի Արամ Բաբաջանյանն ամփոփեց նյութը՝ կարևորելով հետևյալ կետերը.
- Տղամարդը պետք է պատասխանատվություն վերցնի իր ընտանիքի և համայնքի համար։
- Սիրի կնոջը՝ գիտակցված, զոհաբերող սիրով, ինչպես Քրիստոսը։
- Ընտանիքի հոգևոր առաջնորդը լինի՝ խնամելով, պաշտպանելով և հոգ տանելով։
- Օրհնություն լինի ընտանիքի և սերնդի համար՝ թողնելով հոգևոր ժառանգություն։
- Արդարության պաշտպան լինի ընտանիքում՝ արտացոլելով Աստծո արդարությունը։
- Ներքին խաղաղություն ունենա՝ լուծելով անձնական հարցերը և հոգևորապես հասունանալով։
- Հավատարիմ լինի Աստծուն և ընտանիքին։
- Հոգևոր ժառանգություն թողնի՝ օրինակ ծառայելով սերունդներին։
Համագումարը, որը տևեց չորս ժամ, շատ հարցեր բարձրացրեց, իսկ ժամանակի սղության պատճառով անպատասխան մնացած հարցերին հովիվները խոստացան անդրադառնալ տեղական եկեղեցիներում՝ տղամարդկանց խմբերում սերտողությունների ժամանակ։
Տղամարդկանց մեկօրյա համագումարների նպատակն է քաջալերել տղամարդկանց, նպաստել միջեկեղեցական հաղորդակցությանը և օգնել, որպեսզի ՀԱԵ տղամարդիկ հոգևոր նույն հարթության վրա լինեն: Ի դեպ, այս թեման, Աստծո կամքով կափոփվի աշնանը նախատեսվող տղամարդկանց միասնական համագումարին։ Մինչ այդ հանձնախումբը աշխատում է «Տղամարդու հռչակագիր» կոչվող գրքի ստեղծման վրա, որի հիմքում Ստեֆան և Ալեքս Կենդրիկների «The Resolution for Men» գիրքն է։