.
2025թ., Մայիսի 26

Սաղմոսներ 119․ 169-176                                                                  Երկուշաբթի   |   Մայիս 26

 

Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային․․․ Սաղմ․ 119․176

 

ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ռոբերտ Ռոբինսոնի մտերիմ բարեկամուհին սկսեց մեղմորեն, սրտի խորքից մրմնջալ «Սուրբ Հոգի, շնորհի Հոգի» երգի մեղեդին, ապա հետաքրքրվեց, թե ի՞նչ է նա մտածում այդ երգի մասին։ «Ես աղքատ ու դժբախտ մարդ եմ, ով տարիներ առաջ գրեց այս երգը,- տխրությամբ ասաց նա,- և ես ամբողջ աշխարհը կտայի, միայն թե վերադարձնեի այն զգացմունքները, որ ունեի այդ ժամանակ»։

18-րդ դարի այս պատմությունը հորինված չէ, Ռոբինսոնն ընկավ իր անհավատ ընկերների ազդեցության տակ և հեռացավ Աստծուց, ինչը նրան դժբախտացրեց, և հետագայում իր հեղինակած այս երգի մեջ նա գրեց. «Մենք այնքան հակված ենք սխալվելու, շեղվելու Քո ճանապարհներից, Տե՛ր»։

Սաղմոսերգու Դավիթը նմանատիպ բան նկարագրեց 119-րդ Սաղմոսի մեջ. «Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային» (Սաղմ․ 119․176): Նա գիտակցում էր, թե որքան թանկ է Աստծո Խոսքը և ինչ ուրախություն է այն բերում (հ.172, 174):

Աշխարհում, որտեղ կան այդքան շատ դատարկ խոստումներ և անիրատեսական ցանկություններ, մենք նույնպես կարող ենք հակված լինել շեղվելու աստվածաշնչյան ճշմարտությունից։ Եթե ​​սա տեղի ունենա, և մենք, ինչպես Ռոբինսոնը, կորցնենք փրկության ուրախությունը, ապա սաղմոսերգուի գրած տողերի հիման վրա կարող ենք գտնել վերադարձի ճանապարհը. «Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա Քո առջև … Քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ» (հ․ 169-170): Որտեղ էլ լինենք, մենք կարող ենք կրկին վստահել Աստծո խոստումներին և աղաղակել Նրան, ով փնտրում և փրկում է կորածներին (Ղուկ․ 19․10):

 

Աստծո Խոսքի ո՞ր խոստումներն են մեզ հեռու պահում գայթակղությունից և օգնում պահպանել մեր հավատքը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ նույնիսկ երբ հեռանում եմ Քեզնից, Դու միշտ պատրաստ ես լսել իմ կանչը և վերադարձնել ինձ Քեզ մոտ։ Օրհնի՛ր ինձ և ամրապնդի՛ր հավատքս, որպեսզի չշեղվեմ Քո ճշմարիտ ճանապարհից։ Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 28-29, Հովհաննես 9․24-41