Ղուկաս 11․27-32 Երեքշաբթի | Մայիս 27
Ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից։ Ես․ 55․9
ԱՍՏՎԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԳԻՏԻ
Մինչ անհանգստանում էի հիվանդ զարմուհուս համար, իմացա մի բնական դեղամիջոցի մասին, որը, ինչպես ասում էին, հրաշագործ հատկություններ ուներ։ Սակայն քույրս, ով լավ գիտեր դստեր բժշկական պատմությունը, վախենում էր, որ դա կարող է կողմնակի ազդեցություններ առաջացնել։ Ես ուզում էի հակաճառել, բայց զսպեցի ինձ։ Անկախ նրանից, թե որքան էի անհանգստանում զարմուհուս համար, քրոջս հեղինակությունն իր դստեր կյանքում, իհարկե, ավելի բարձր է։
Ավելի ուշ զարմուհուս բժիշկն ինձ ասաց. «Այս դեղամիջոցը կարող էր ծանր ալերգիկ ռեակցիա առաջացնել»։ «Այո՛,- մտածեցի ես,- մայրիկն իսկապես ամենալավը գիտի, թե ինչ է պետք իր դստերը»։
Ես հիշում եմ այս դեպքը, երբ Աստծուն խնդրում եմ օգնել ինձ համար թանկ մարդկանց։ Չնայած, որ սովորաբար պատկերացում ունեմ, թե ինչ է լինելու, այնուամենայնիվ, ինքս ինձ հիշեցնում եմ, որ Աստված, ով նրանց ավելի շատ է սիրում և ավելի լավ է ճանաչում, կարող է այլ կերպ վարվել։
Եսայի մարգարեն ասում է. «Ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից» (Ես․ 55․9): Եբրայերեն «դերեխ»՝ ճանապարհ բառը խոսում է Աստծո վարքի և դրդապատճառների մասին՝ ի տարբերություն մեղավոր մարդկանց։ Նրա իմաստությունն ու հասկացողությունն անհամեմատելի կերպով գերազանցում են մարդկային հասկացողությանը։ Մեզ համար թանկ մարդկանց հետ պատահող բաները կարող են չհամապատասխանել մեր ցանկություններին։ Այնուամենայնիվ, մենք պետք է վստահենք Տիրոջը՝ գործելու նրանց կյանքում այնպես, ինչպես Նա է նպատակահարմար գտնում։
Եկե՛ք բերենք Արարչի մոտ նրանց, ում սիրում ենք, և աղոթքի միջոցով մեր ցանկությունները Տիրոջը հանձնենք (Փիլիպ. 4․6): Միայն Նա է կատարյալ Իր սիրով, ողորմությամբ, իմաստությամբ և զորությամբ (Ես․ 55․3, 7-11):
Մեր մտերիմ մարդկանց կյանքում ի՞նչն է մեզ անհանգստացնում։
Ինչպե՞ս կարող ենք վստահել Աստծո իմաստությանն այդ իրավիճակում։
Աղոթք – Տե՛ր, ես իմ սիրելիներին վստահում եմ Քո խնամքին։
Միայն Դու գիտես, թե ինչն է նրանց համար լավագույնը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 1-3, Հովհաննես 10․1-23