Բ Տիմոթեոսին 1․6-14 Չորեքշաբթի | Մայիս 28
Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր ․․․ այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար: Բ Տիմ․1․8
ԳՆԱ՛ ԵՎ ՊԱՏՄԻ՛Ր
Էլիոթը մեծ ոգևորությամբ ցանկանում էր բոլորին պատմել Հիսուս Քրիստոսի մասին։ Վերջերս Հարավարևելյան Ասիայի մի երկրում նա սերտում էր Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակը եկեղեցական ծառայողների հետ։ Էլիոթը պատմեց նրանց, թե ինչպես է Պողոս Առաքյալը Տիմոթեոսին հրաժեշտ տալու ժամանակ հորդորում նրան Տիրոջ մասին վկայելն ամոթ չհամարել և պատրաստ լինել չարչարվելու դրա համար (Բ Տիմ․ 1․8-9): Մի քանի օր անց նա իմացավ, որ Ավետարանի քարոզչությունն արգելվել է այդ երկրում։ Խորապես մտահոգված իր եղբայրների բարօրությամբ՝ Էլիոթն աղոթում էր, որ Տերը նրանց իմաստություն և զգուշություն շնորհի, բայց նաև որ նրանք, չնայած ամեն ինչի, համարձակորեն և վճռականորեն շարունակեն խոսել փրկարար ճշմարտության մասին։
Պողոս Առաքյալը հասկանում էր ավետարանչության մեջ առկա վտանգը։ Նա ինքը հաճախ բանտարկվել և շատ տառապանքներ էր կրել իր ծառայության համար (հ․ 11-12,16), այդ թվում՝ մտրակահարվել և քարկոծվել (Բ Կորնթ. 11․23-29): Բայց ոչինչ չէր կարող խանգարել նրան։ Ինչո՞ւ։ «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ», - գրում է նա (Փիլիպ. 1․21): Պողոսն ապրեց Քրիստոսի մասին խոսելու համար, և գիտեր, որ եթե մահանար, Նրա հետ կլիներ երկնքում։ Նա իր նամակում հիշեցրեց Տիմոթեոսին, որ Սուրբ Հոգին նրան կտա նաև անհրաժեշտ ուժը վկայելու Բարի Լուրը (Բ Տիմ. 1․7):
Աստված կոչ է անում բոլոր հավատացյալներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, մարդկանց պատմել Փրկչի մասին։ Այո՛, հնարավոր է, որ դրա համար տառապենք, սակայն Նա միշտ մեզ հետ է լինելու։
Ի՞նչն է մեզ օգնում պատմել մարդկանց Քրիստոսի մասին։
Իսկ երբևէ պատահե՞լ է, որ Ավետարանի քարոզման համար տառապենք։
Աղոթք – Տե՛ր, Սուրբ Հոգովդ զորացրու՛, որ մարդկանց պատմեմ Քո մասին մեծ ճշմարտությունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 4-6, Հովհաննես 10․24–42