Սաղմոսներ 69․6-15 Ուրբաթ | Մայիս 30
Թող ջրերի հորձանքը չհափշտակի ինձ, և անդունդն ինձ կուլ չտա․․․։ Սաղմ․ 69․15
ԽՈՐՔԵՐՈՒՄ
Սան Ֆրուտուզոյի աբբայությունը գտնվում է Իտալիայի հյուսիսարևմտյան ափի մոտակայքում։ Այնտեղ կարելի է հասնել միայն նավով։ Այդ ջրերում «թաքնված մի գանձ» կա՝ «Քրիստոսն անդունդից» անունը կրող, աշխարհի առաջին ստորջրյա բրոնզաձույլ արձանը, որը տեղադրվել է 1954 թվականին: Բրոնզե արձանը պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ ձեռքերը վեր բարձրացած:
Խորություն… բոլորիս կողմից շատ գործածելի մի բառ, որ բազմիցս օգտագործվում է նաև Աստվածաշնչում: «Խրվեցի ցեխի մեջ, որ հատակ չունի, մտա ջրերի խոր տեղը, - Սաղմոսներից մեկում ասում է Դավիթը,- աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց» (Սաղմ․ 69.2-3)։ Մերժված և հալածված իր թշնամիների ու սիրելիների կողմից (հ 4, 7-12)՝ սաղմոսերգուն մխիթարություն չէր գտնում մարդկանց մեջ (հ․ 20) և վախենում էր, որ տառապանքը «կհափշտակի» իրեն (հ. 15): Հուսահատության և անհուսության խորքերն այն ժամանակներն են, որոնց մեջ ընկղմում է մեզ մեղքը կամ վիշտը։
Բայց, բարեբախտաբար, այդ ամենով ամեն ինչ չի ավարտվում։ Թեև խորքերը մութ ու սառն են, այնտեղ էլ կարելի է հանդիպել ամենուր ներկա Աստծուն (Սաղմ․ 139.8)։ Նա զորավոր է մեզ փրկելու ամեն տեսակ խորությունից։ «Ես փառաբանում եմ քեզ, ո՜վ Տեր, որ ազատեցիր ինձ» (Սաղմ․ 30․1)։
Ինչպես հիշեցնում է մեզ ստորջրյա արձանը, եթե սկսում ենք խեղդվել, հենց այնտեղ՝ խորքում, մեզ սպասում է Քրիստոսը։ Նրա ձեռքերն արդեն վեր են պարզված՝ պատրաստ մեզ ընդունելու և Իր ժամանակին նորից վեր հանելու։
Ի՞նչ անդունդների մեջ ենք ընկղմվել անցյալում։
Ինչպե՞ս է Աստված օգնել մեզ հաղթահարել դրանք։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ կյանքիս անդունդների մեջ էլ Դու ինձ հետ ես։ Բարձրացրու՛ ինձ Քո սիրով, շնորհով և զորությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 10-12, Հովհաննես 11․30-57