.
Հավատարմությունը հաջողությունից կարևոր է. «Վերնատուն» հանդիպում ՀԱԵ հովիվների համար

Մայիսի վերջին օրերին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) հովիվները հանդիպեցին «Վերնատան» հերթական ձևաչափով՝ այս անգամ Աբովյանում, ՀԱԵ տարածքում։ Հանդիպման ընթացքում, աղոթքի, միասնական փառաբանության և սուրբգրային խորհրդածության մթնոլորտում, մասնակիցներն արժեքավոր դասախոսություն լսեցին: Խոսնակն ԱՄՆ-ի Ֆրեզնո Փասիվիկ (Fresno Pacific University) համալսարանում հոգեբանության դոկտոր, լիցենզավորված կլինիկական հոգեբան և Ավետարանական Երիցական եկեղեցու ծառայող դոկ. Ջեյ Փոփն էր։

Բանախոսը, ամփոփելով իր գործնական փորձառությունը թե՛ հոգեբանության, թե՛ հոգևոր ծառայության ոլորտում, անդրադարձավ հետևյալ առանցքային հարցերին․

  • Հավատարմությունը՝ որպես իրական հաջողություն։ Ղուկասի Ավետարանի տաղանդների առակի օրինակով Ջեյ Փոփը շեշտեց, որ Աստծո արքայությունում հաջողության իսկական չափանիշը հավատարմությունն է, այլ ոչ նյութական կամ տեսանելի արդյունքները։
  • Զգացմունքային ազնվություն և փոխսատարում։ Քրիստոսի մշտական ներկայությունն իր հետևորդներին թույլ է տալիս անկեղծորեն վերապրել իրենց հույզերը՝ առանց վախենալու խոցելիությունից։ Հովիվները կոչված են կրել միմյանց բեռները՝ փոխադարձ հարգանքով և սիրով։
  • Հովվական ծառայության մարտահրավերները։ Ծառայության ընթացքը հաճախ ուղեկցվում է միայնության, հոգնածության և արդյունքների ուշ տեսանելիության խնդիրներով։ Այդ պատճառով հովիվների հոգևոր, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանումը պետք է դիտարկել որպես հոգևոր տնտեսության հարց՝ ոչ թե երկրորդական առաջնահերթություն։

Խոսնակն իր դասախոսությունն ավարտեց հետևյալ գաղափարով. «Երբ մենք մեռնում ենք մեր անձի համար, մեզ տրվում է երկնքի արքայության ժառանգություն՝ Աստծո սիրո շնորհիվ։ Թեև մենք ոչինչ ենք, Աստված մեզ իր զավակներն է կոչում, և այդ իսկ պատճառով, մենք ապրում ենք որպես ժառանգներ. աշխատում, ծառայում և Աստծուն փառք ենք բերում նաև ինքներս մեզ խնամելով ու սիրելով, քանի որ Աստված սիրում է մեզ։»։

Նախորդ
...
X