.
Գյումրու ՀԱԵ եվ ԱՀԱԸ շենքի բացումը

Գյումրու օրը՝ սեպտեմբերի 30-ը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Գյումրու համայնքի եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցութան (ԱՀԱԸ) աշխատակիցների համար կրկնակի տոն էր: ԱՀԱԸ 100-ամյակը տոնելու համար աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած բարերարներն ու հյուրերը, ինչպես նաեւ ՀԱԵ տարբեր համայնքների հովիվներն ու հավատացյալները Գյումրիում էին՝ ՀԱԵ նոր եկեղեցաշենքի եւ ԱՀԱԸ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

Գյումրու ՀԱԵ պարային խմբակի սաների ելույթից հետո ներկաներին՝ համայնքին, հյուրերին ու պաշտոնյաներին ողջունեց ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյանը՝ խոսքը փոխանցելով Գյումրու ՀԱԵ հովիվ՝ պատվելի Արամ Բաբաջանյանին: Ելույթներով հանդես եկան նաեւ ԱՀԱԸ բարձրագույն պաշտոնյաները՝ ընգծելով, որ 30 տարի առաջ երկրաշարժից ավերված Գյումրին վերհառնեց փյունիկի պես, ու այսօր կանգուն է Աստծո շնորհքով ու գյումրեցիների՝ ժպիտով ամեն բան հաղթահարելու տոկուն կամքով: ԱՀԱԸ-ին եւ ՀԱԵ-ին ողջունեց նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ Գյումրու կենտրոնում վեր խոյացող այս հրաշալի շենքը մեծ նվել էր գյումրեցիներին՝ իրենց տոնի առթիվ, եւ ուրախ են, որ հոգեւոր եւ կրթամշակութային մի նոր կենտրոն հարստացնելու է գյումրեցիների կյանքը:

Բացման ելույթներից հետո սկսվեց շրջայցը ԱՀԱԸ եւ ՀԱԵ նորակառույց շենքում: Բարերարները, որոնց նվիրատվությունների շնորհիվ իրականություն դարձավ շենքի կառուցումը, հնարավորություն ունեցան անհատապես բացելու այն սրահները, որոնց կառուցմանը նպաստել էին:

Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց նվիրման պաշտամունքը: Երբ բոլոր հյուրերն ու ՀԱԵ համայնքը տեղավորվեցին եկեղեցասրահում, հանդիսավորությամբ ներս մտան ՀԱԵ բոլոր այն հովիվները, ովքեր ներկա էին արարողությանը: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի ՀԱԵ 20 հովիվ միաժամանակ Գյումրու եկեղեցու բեմում էր: Փառաբանությունը սկսվեց աշխարհի տարբեր երկրներում  ՀԱԵ համայնքների պաշտամունքների ընթացքում «Ի՜նչ մեծ ես Դուն» երգի տեսագրությամբ, որի  շարունակությունը երգեցին Գյումրու եկեղեցում ներկաները: Փառաբանության երգերը, նիկեական հանգանակը, սաղմոսի ընթերցումը, գոհության ու հովվական աղոթքները լրացրեցին պաշտամունքի ամոբղջ կառույցը՝ հող նախապատրաստելով Աստծո Խոսքի պատգամի համար:

Հաշվի առնելով հայերեն չիմացող հյուրերի առկայությունը՝ պաշտամունքի ընթացքում երկու պատգամ հնչեց: Առաջինն անգլերեն լեզվով քարոզեց Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ՝ վեր. Մկրտիչ Գարակեոզեանը: Նա խոսեց Գ Թագավորաց 9.1-9 համարների շուրջ՝ Աստծո խոսքի վրա հիմնված տաճարի մասին: Պատգամը, որ վերնագրված էր «Բայց եթե..», շեշտադրում էր Աստծո խոսքի իրական ու հավիտենական լինելը, միաժամանակ՝ պայման ունենալը: Կան օրհնություններ, եթե կա իրական հնազանդություն, եւ լիարժեք հնազանդությունն է, որ մեզ դարձնում է Աստծո կենդանի տաճար:

Երկրորդ պատգամաբերը ՀԱԵ Գյումրու նորընծա հովիվ՝ պատ. Արամ Բաբաջանյանն էր: Նա հայերենով խոսեց Քրիստոսի օրինակով եկեղեցու մասին՝ մեջբերելով Ղուկաս 4:16-20 եւ  Մատթեւոս 25:31-46 համարները: Հիսուս հասնում էր կարիքավորներին, ավետարանն էր քարոզում, եւ եկեղեցին Քրիստոսի սկսած առաքելությունը շարունակելու համար է: Պատվելի Բաբաջանյանը կոչ արեց ՀԱԵ Գյումրու համայնքին վերանայել, թե որքանո՞վ են իրենք՝ որպես եկեղեցի, համապատասխանում Աստծո կոչին ու մարտահրավերներին:

Պատգամներին հաջորդեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն՝ վեր. դոկ. Վահան Թութիկյանի նվիրման աղոթքը:

Գյումրիում կառուցված այս շքեղ շենքը մեծ օրհնություն է ՀԱԵ համայնքի եւ ԱՀԱԸ ծառայություններից օգտվող գյումրեցիների համար. ներկաներն իսկապես փառք էին տալիս Աստծուն ու երախտապարտ էին նվիրատուներին: Բայց, ինչպես նկատեցին բացման արարողության եւ պաշտամունքի ընթացքում ելույթ ունեցողները, ամեն ինչ կկորցնի իր իմաստը, եթե չլինի Աստծո սերը բաժնեկցելու եւ Նրա Խոսքը գործնականում ապրելու մղումը, ի վերջո Աստծո տունը մարդիկ են եւ ոչ քարերը: 

Նախորդ
...
X