.
2025թ., Մայիսի 31

Եսայի 55․6-11                                                                                             Շաբաթ   |   Մայիս 31

 

 

․․․ այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Ղուկ․ 11․31

 

Ի՜ՆՉ ԶԱՐՄԱՆԱԼԻ Է

 

«Ի՜նչ զարմանալի է»,- այսպես արձագանքեցին մեր թիմի անդամները հանգստի տուն այցելելուց հետո: Մի բարերար որոշել էր հոգատարություն ցուցաբերել քրիստոնյա ծառայողներիս նկատմամբ և հովանավորել մեր հանգիստը։ Մեզ զարմացրին երկհարկանի սենյակները՝ շքեղ բուխարիներով և հսկայական մահճակալներով։ Նրբագեղ կահավորված խոհանոցն ու ճաշասենյակը նույնպես հիացմունքի փոթորիկ առաջացրին։ Եվ հենց այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ տեսել ենք, մեզ նոր անակնկալ էր սպասվում՝ մեծ չափերով փակ բասկետբոլի դաշտ։ Մեր յուրաքանչյուր «ի՜նչ զարմանալի է» արտահայտությունը լիովին արդարացված էր։

Սաբայի թագուհին նմանատիպ զգացումներ ունեցավ, երբ այցելեց Սողոմոն թագավորին Երուսաղեմում։ Երբ նա տեսավ «Սողոմոնի ամբողջ իմաստությունը և նրա շինած պալատը, նրա սեղանի կերակուրը… էլ ուշք չմնաց նրա մեջ» (Գ Թագ․ 10․4-5): Շատ տարիներ անց երկիր եկավ Դավթի մի այլ ժառանգ՝ Հիսուսը։ Նա ևս զարմացնում էր մարդկանց, բայց՝ այլ կերպ։ Որտեղ էլ գնար, ժողովուրդը զարմանում էր Նրա իմաստությամբ և  գործերով (Ղուկ. 4.36), որոնք վկայում էին, թե Նա «Սողոմոնից ավելի մեծ է» (Ղուկ. 11.31)։ Քրիստոսի զարմանալի ծառայությունը մեզ բերեց մեղքերի ներման շնորհք՝ գնված ամենաբարձր գնով՝ Նրա մահվամբ։ Նա ընդունում է բոլոր նրանց, ովքեր գալիս են Իր մոտ։ Եվ նրանք, ովքեր կգան, իրենց աչքերով կտեսնեն, թե որքան բարի ու գեղեցիկ է Նա, և նրանք կերգեն Նրա գովեստը հիմա և հավիտյանս հավիտենից։ Ի՜նչ զարմանալի ու հիանալի է Աստված։

 

Ի՞նչն է Հիսուս Քրիստոսի մեջ մեզ հատկապես զարմացնում։

Եթե դեռ չենք ընդունել Նրան, ի՞նչն է մեզ խանգարում դիմելու այդ քայլին։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շարունակի՛ր բացել իմ աչքերն ու սիրտը, որպեսզի ավելի ու ավելի տեսնեմ, թե որքան զարմանալի ես Դու։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 13-14, Հովհաննես 12․1-26