.
2025թ., Հունիսի 1

Դ Թագավորների 20․12-19                                                                        Կիրակի   |   Հունիս 1

 

 

 

Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին։ Դ Թագ․ 20․19 

 

ԱՍՏԾՈ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Իմ ընկեր Բիլը տարիներ առաջ ընկավ աստիճաններից, պատահարից հետո նրա մարմինը գոտկատեղից ներքև անշարժացավ։ Վիրահատության ժամանակ ստացած ծանր վարակի պատճառով այժմ նա գտնվում էր հիվանդանոցում։ Մինչ մենք խոսում էինք առաջացած նոր խնդիրների մասին, նա բարձրացրեց ծածկոցը և ցույց տվեց խոր վերքը։ «Ցավու՞մ է», - հարցրի ես։ «Ես ոչինչ չեմ զգում», - անտարբեր պատասխանեց նա։

Մեղավորության զգացումը սկսեց տանջել ինձ. մեր ընկերության ամբողջ ընթացքում ես երբեք չէի մտածել, որ Բիլն իր վնասվածքի պատճառով չի զգում իր մարմինը։ Ես ամաչեցի, որ մոռացել էի այն ամենի մասին, ինչի միջով նա անցնում էր ամեն օր։

Իմ անուշադրությունն ընկերոջս նկատմամբ ինձ հիշեցրեց հրեա թագավոր Եզեկիայի խոսքերը։ Երբ Եսայի մարգարեն ասաց, որ իր պալատում եղած ամեն ինչ մի օր կտարվի Բաբելոն, և որ իր սեփական սերունդները կտարվեն գերության (Դ Թագ․ 20․17-18), Եզեկիան պատասխանեց. «Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին» (հ․ 19): Թեև Եզեկիան աստվածավախ թագավոր էր, նա ավելի շատ հոգ էր տանում իր մասին, քան թե ուրիշների։

Որքա՜ն տարբեր է Աստծո բնավորությունը նման մոտեցումից։ Հովհաննես առաքյալը գրում է. «Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար» (Ա Հովհ․ 4․10): Քրիստոսը չարչարվեց մեզ համար, որպեսզի մենք կարողանանք հավիտյան ապրել Նրա սիրո մեջ։

 

Ինչպե՞ս է Աստծո հոգատարությունը դրսևորվում մեր կյանքում։

Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք այսօր հոգ տանել ուրիշների մասին։

 

Աղոթք – Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, որ երբեք մենակ չես թողնում ինձ։

Թող Քո անսահման սերը միջոց դառնա՝ օրհնություն լինելու նաև մյուսների համար։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 15-16, Հովհաննես 12․27-50